Քաղաքական

12.12.2009 15:53


Էրդողանի հայտարարությունն այլևս ներքին սպառման համա՞ր չէ

Էրդողանի հայտարարությունն այլևս ներքին սպառման համա՞ր չէ

ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եթե Թուրքիան շարունակի նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի հետ, ապա մենք էլ մեր կողմից որպես նախապայման կառաջադրենք Ցեղասպանության ճանաչումը և Թուրքիայի կողմից չճանաչվելու դեպքում կհրաժարվենք արձանագրությունների վավերացումից։

-Եկեք չկարծենք, որ արձանագրությունների  ճանաչումն այդքան առաջնահերթ խնդիր է։ Այո՛, շատ լավ կլիներ, որ այդ արձանագրությունները վավերացվեին, շատ լավ կլիներ, որ Թուրքիայի կողմից փակված ճանապարհները բացվեին, բայց ՀՀ-ն  նաև ապացուցեց ամբողջ աշխարհին, որ ինքը նույնպես կարողանում է փակ սահմաններով ապահովել տնտեսական որոշակի աճ, չնայած մեծ դժվարությունների առաջ է կանգնում և կարողանում է իր անվտանգությունն ապահովել։ Այսինքն, Հայաստանի համար նորություն չէ փակ սահմաններում  տնտեսություն վարելը կամ աշխարհին ներկայանալը։ Եղել է այդպես, և մի քիչ էլ կշարունակվի. ի՞նչ է եղել որ։ Համենայնդեպս, որևէ նախապայման Թուրքիայի կողմից, առավել ևս՝ կապված Ղարաբաղի  հարցի կարգավորման հետ (միակողմանի զիջումներով), անընդունելի է։ Մեր պատասխանները լինելու են շատ ավելի կոշտ, քան Թուրքիայի կողմից առաջադրված նախապայմանները,-ասել է նա։

Լրագրողի այն հարցին, թե «ի՞նչն է նման կտրուկ փոփոխության պատճառը. չէ՞ որ որոշ ժամանակ առաջ լրիվ հակառակն էր՝ մեր տնտեսությունը կծաղկի և այլն, և այլն», Գ. Մելիքյանը պատասխանել է։

-Այն ժամանակ էլ նման հայտարարություններ եղել են, ուղղակի քողարկված ձևով են եղել։ Այս մեկ-երկու տարվա ընթացքում, ինչ բանակցություններն ընթանում են (իմիջիայլոց, հանրությունից կարծեք թե մի տեսակ քողարկված ձևով են տարվել բանակցությունները), այդ ժամանակ էլ այդ նախապայմանները հնչել են։ Չի եղել այնպես, որ նրանք շատ հեշտությամբ, առանց նախապայմանների եկել և համոզվել են այդ արձանագրությունները ստորագրել։ Այդպիսի բան չի եղել. դրանք  շատ մեծ դժվարությամբ են ձեռք  բերվել։ Այդ պրոցեսը բավականին ծանր և բարդ բանակցային գործընթացի հետևանք է եղել։ Ուղղակի հիմա իրենց կողմից բացահայտ հայտարարելու դեպքում բացահայտ հայտարարում ենք նաև մենք, չնայած այն ժամանակ էլ ասում էինք,-ասել է Գագիկ Մելիքյանը։

Իսկ այն դիտարկմանը, թե Թուրքիայի կողմից հայտարարություններ միշտ են եղել. ինչ է, նո՞ր են հասկացել, որ դրանք նախապայմաններ են, ՀՀԿ պատգամավորը այսպես է արձագանքել։

-Ո՛չ։ Այն հայտարարությունները, որ նախապես արվել են, իրոք ներքին սպառման են եղել, բայց Էրդողանի վերջին հայտարարությունը՝ ըստ որի թուրքական մեջլիսն այլևս նախապայմաններ է պահանջում հարցի վավերացման համար... Մեր Ազգային ժողովը նույնպես կարող է նախապայման պահանջել։ Իսկ սկզբնական շրջանում՝ արձանագրությունների ստորագրման պահին, որևէ մեկը նման նախապայման առաջ չի քաշել։ Մինչ այդ ևս եղել են նախապայմանների առաջ քաշման պրոցեսներ, որոնք միջազգային հանրության, աշխարհի գերտերությունների կողմից տարբեր ճնշումների ազդեցության տակ  հետ են քաշվել։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ թուրքական իշխանությունները, ինչպես ադրբեջանական իշխանությունները, երբևէ չեն ցանկացել Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, կարգավորել առանց նախապայմանների։ Հիմա էլ ենք նույնը հայտարարում։ Սակայն միջազգային հանրության ճնշումներից, ինչպես նաև սեփական շահերից ելնելով (կապված հիմնականում Եվրամիությանն անդամակցելու հետ)՝ նրանք որոշ դեպքերում խուսափել են հրապարակային հայտարարություններից։ Ներքին սպառման համար բավական մեծաքանակ հայտարարություններ են արվել և արվելու են, և մի՛ մտածեք, որ Էրդողանի հայտարարությունից հետո հայտարարություններ չեն լինելու։ Լինելու են։ Բայց դա անընդունելի է լինելու մեզ համար։ Շարունակելու դեպքում մենք էլ մե՛ր նախապայմաններն ենք առաջ քաշելու։ Մենք ուղղակի չենք ցանկանում դեպքերից առաջ ընկնել։ Հիմա, իրոք, ինչպես ասում են «ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ, գնդակը թուրքական դաշտում է։ Պատասխանն այնտեղից պետք է ստանանք։

«7օր»-ի այն հարցին, թե նախաձեռնողը մենք էինք։ Այն ժամանակ չգիտեի՞նք, որ առանց նախապայմանների Թուրքիան  չի համաձայնվի հարաբերություններ սկսել, Գագիկ Մելիքյանը հետևյալ կերպ է պատասխանել.

-Գիտեինք, բայց գիտեինք նաև, որ միջազգային հանրությունը ճնշում է գործադրելու, որովհետև ժամանակը դրա համար նպաստավոր էր։

Այս խորագրի վերջին նյութերը