Քաղաքական

21.07.2016 20:25


Վ. Օսկանյան. «Ուրեմն կարելի՞ է բանակցել թուրքերի ու ադրբեջանցիների հետ» (տեսանյութ)

Վ. Օսկանյան. «Ուրեմն կարելի՞ է բանակցել թուրքերի ու ադրբեջանցիների հետ» (տեսանյութ)

Ինչպես արդեն հայտնել էինք, ՊՊԾ գնդին հարակից տարածք՝ Խորենացի փողոց են ժամանել նաև ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության անդամները։

Կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

Թե ինչպիսի ելք է տեսնում ստեղծված ճգնաժամից՝ նա նշել է.

–Ես միանշանակորեն այս հարցին լուծում տեսնում եմ և այդ պատճառով էլ իմ թիմակիցների հետ եկել ենք։ Ժամանակն է իսկապես հարցը բերել քաղաքական հարթություն և փորձել տալ քաղաքական լուծում. ես միանշանակ մերժում եմ այն միտքը, որ, իբր, սա փակուղային իրավիճակ է, սա լուծում չունի։ Չկա այդպիսի բան, չի կարող լինել. ամեն հարց իր լուծումն ունի։ Փակուղային կարող է լինել միայն ու միայն, եթե հարցը դիտարկենք զուտ իշխանական շահերից, եթե իշխանությունն ուզում է այս բոլորից հաղթող դուրս գալ, իրոք փակուղային վիճակ է. բայց սա այն խնդիրը, չէ, որ պետք է հաղթել. էստեղ հաղթելու հարց չկա, խնդիրը պետք է դրվի ազգային–պետական հարթության վրա, ոչ թե նեղ կուսակցական–իշխանական։

Սա քաղաքական ակցիա է, և սրան պետք է տալ քաղաքական լուծում՝ լավ գիտակցելով, որ դա կունենա նաև իրավական որոշ հետևանքներ՝ ընդունելի երկու կողմի համար էլ։ Իսկ եթե իշխանություններն այս կրիտիկական պահին ասեն՝ մենք հանցագործների, տեռորիստների հետ չենք բանակցի, ես հետևյալ հարցն եմ տալիս՝ ուրեմն կարելի է, հա՞, բանակցել 1,5 մլն հայ սպանած թուրքերի, պատերազմ սանձազերծած, հայի գլուխներ, ականջներ կտրած ադրբեջանցիների հետ, իսկ այս տղաների հետ, որոնք Ղարաբաղ են ազատագրել, չի՞ կարելի։

Նախկին արտգործնախարարի այդ խոսքերն ուղեկցվեցին հավաքվածների ծափողջույններով։

–Իշխանությունները շատ կոշտ դիրքորոշում են որդեգրել, ժամանակն է դա մեղմացնել։ Ես իմ թիմով հստակ պատկերացնում եմ այս հարցի քաղաքական լուծումը. պարզապես իշխանությունը պետք է քաղաքական կամք դրսևորի,–ասել էՎ. Օսկանյանը։

Ըստ նրա՝ երկու խնդիր կա՝ սկսել միջնորդներով բանակցություններ և շատ արագ լուծել տղաների սննդի հարցը.

–Այնտեղ շատ լուրջ սննդի խնդիր կա. սա նշանակում է, որ օղակը սեղմում են, ուզում են թուլացնել.ինչը նշանակում է, որ այլ նպատակներ կան հարցը լուծելու։

Վ. Օսկանյանը նկատել է՝ որոշ զիջումներ պետք է լինեն երկու կողմից էլ, բայց հնարավոր է, որ երկուսի համար էլ արժանավայել լուծում լինի, և հաղթող–պարտվող չլինի։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահն ընդգծել է՝ շատ լավ տիրապետելով ստեղծված իրավիճակին, մանրամասներին ու բանակցային նրբություններին և այսպիսի ճգնաժամի փորձ ունենալով՝ իր խղճի պարտքն է կատարում այս կրիտիկական պահին։

Ի պատասխան հարցին՝ մարտի 1–ի դեպքե՞րը նկատի ունի, Վ. Օսկանյանը նշել է՝

–Այո՛, մարտի 1–ը։ Այսօր բոլորս ահազանգում ենք՝ ո՞ւր են իշխանությունները։ Այսօր վարչապետն ինչ–որ բան է ասել, բայց ավելի լավ է՝ չասեր։ Մարդիկ պետք է կարողանան պատասխանատվություն վերցնեն, խոսեն, բացատրեն, լուծումներ առաջարկեն։ Ես եթե այսօր իշխանությունում լինեի, կանեի նույնը, ինչ մարտի 1–ին՝ կանխելու արյունահեղությունը։ Ես երբ խոսեցի՝ նպատակ ունեի դա կանխելու։ Երեկ տեսաք՝ ինչ եղավ՝ գլուխներ ջարդվեցին։ Այստեղ էլ կարող է արյուն հեղվել, չէ՞։ Մեկը պետք է, չէ՞, վերցնի այդ պատասխանատվությունը։ Քաղաքական իշխանություն՝ նշանակում է այդ պատասխանատվությունը վերցնել, կարողանալ խոսել ժողովրդի հետ։ Այսօր դա չկա բացարձակապես... Նախկինի փորձից, իհարկե, պետք է սովորենք, բայց այսօր մեր առաջ ճգնաժամ կա, դրանով պետք է զբաղվենք։ Արյունահեղությունը ոչ ոքի պետք չէ, մեկ զոհն էլ արդեն շատ է, ես ցավակցում եմ զոհվածի ընտանիքին, այդպիսի բան Հայաստանում չպետք է լինի հատկապես մարտի 1–ից հետո, և այսօր դա՛ է ինձ մղել այստեղ գալ։

ԱԺ պատգամավորը նաև նշել է, որ մոտենալու է ոստիկաններին. ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել, սննդի հարցն իր վրա վերցնել։

Ինչ վերաբերում է այս օրերն կատարվող ձերբակալություններին՝ Վ. Օսկանյանն ասել է՝ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը և մյուս թիմակիցները հետևողականորեն աշխատում են բերման ենթարկվածների հարցով։

Հարցին՝ ի՞նչն էր կատարվածի պատճառը, նա նշել է.

–Երկրում ստեղծված մթնոլորտի հետևանքն է. քաղաքական մթնոլորտը դա՛ է թելադրում, սա հուսալքության, հիասթափության արդյունք է։ Իշխանությունները բոլոր հնարավոր ելքերը փակել են, և ես հասկանում եմ այս տղաների հիասթափությունը. այդ տղաների արածը քրեական չէ, սա իրենց համար քաղաքական ակցիա է, սա նրանց խոր հիասթափության արդյունքն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը