Քաղաքական

24.07.2016 20:22


Տեղի է ունեցել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Ստեփանավանի կառույցի հիմնադիր ժողովը (ֆոտոշարք)

Տեղի է ունեցել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Ստեփանավանի կառույցի հիմնադիր ժողովը (ֆոտոշարք)

Այսօր՝ հուլիսի 24-ին, տեղի է ունեցել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Ստեփանավան քաղաքի համայնքային կառույցի հիմնադիր ժողովը, որին նաև ներկա էին ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանը, կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը, կուսակցության վարչության անդամներ Ռուբեն Կարապետյանը, Վահան Ղույումչյանը Արտակ Բշտիկյանը, Արեգնազ Մանուկյանը, կուսակցության անդամ, «Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման ղեկավար Աղվան Պողոսյանը, ինչպես նաև Վանաձոր և Սպիտակ քաղաքներից ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ Կորյուն Զաքարյանը, Համլետ Ղազարյանը և Գարիկ Ղույումչյանը:

Նախաձեռնող խմբի 200 անդամներից հիմնադիր ժողովին ներկա էին 157–ը։

Ընտրվել է 7 հոգուց բաղկացած խորհրդի կազմ։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Ստեփանավանի համայնքային կազմակերպության և խորհրդի նախագահ է ընտրվել Արտակ Միրզոյանը։

Օրակարգի հարցերը սպառվելուց հետո ելույթ է ունեցել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Ստեփանավան քաղաքի համայնքային կազմակերպության նորընտիր նախագահ Արտակ Միրզոյանը:

–Թիմովի կլծվենք այս կարևոր և պատասխանատու աշխատանքին՝ մեր վրա վերցնելով մի առաքելություն, որի նպատակը կլինի մեր հասարակության մեջ վերականգնել հավատը վաղվա օրվա հանդեպ,–ասել է նա՝ հավելելով.

–Ստեփանավանը մեր բնօրանն է, Հայաստանը և Արցախի Հանրապետությունները մեր բոլորիս հայրենիքը: Մենք ունենք չքնաղ երկիր, տաղանդավոր ազգ, բայց անկուշտ և անհեռատես պետական այրեր և վտանգված հայրենիք: Եվ մեզ բոլորիս համար օրհասական այս օրերին արդյոք իրավունք ունե՞նք հապաղելու, արդյոք մեր բարոյական պա՞րտքը չի համախմբվել և պայքարել ազգովի այն Հայաստանի համար, որի սահմանները անձնվիրաբար պաշտպանեցին մեր քաջ հայորդիները իրենց կյանքի և անձնազոհության հաշվին:

Ա.Միրզոյանը կոչ է արել հասարակության մեջ ձևավորված այն կարծիքը, թե մեզնից ոչինչ կախված չէ, փոխարինել մտածելակերպով, որ մեր յուրաքանչյուրի քվեն վճռորոշ է լինելու պետականաշինության, հզոր Հայրենիքի շենացման գործում:

Նաև ելույթ է ունեցել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Վահան Ղույումչյանը՝ նշելով.

–Ամենակարևորն անտարբերության թմբիրից դուրս գալն է։ Ես այս օրերին հաճախ հիշում եմ խոսքերը, որ Կարթագենը պետք է կործանվի, և դա ուզում եմ ասել հետևյալ կերպ՝ այս իշխանությունները պետք է փոխվեն։ Նրանք պետք է փոխվեն մեր գիտակցության փոփոխության արդյունքում։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանն էլ ընդգծել է, որ իրենց կուսակցությունը հայտ է ներկայացրել դառնալ առանցքային համախմբող ուժ և հասարակական–քաղաքական լայն համախմբան միջոցով իրականացնել իշխանափոխություն։

–Այս իշխանություններն առաջնորդվում են «մահ կամ իշխանություն» կարգախոսով։ Մենք պետք է ընտրենք դրա հակակշիռ կարգախոսը՝ «հիմա կամ երբեք»։ «Մահապարտ» իշխանությունը վտանգավոր է և՛ Հայաստանի, և՛ իր համար։ Մենք պետք է ստեղծենք հնարավորություն, որ իշխանույթունը կարողանա հեռանալ առանց ցնցումների, որովհետև մեզ պետք է ոչ թե մեծ ցնցում, այլ մեծ Հայաստան։

Ժողովը եզրափակվել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի ելույթով։ Նա հայտարարել է, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունում շատ լուրջ են վերաբերվում այն պարտավորությանը, որն իրենք իրենց վրա վերցրել են։

–Այնտեղ հավաքված են մարդիկ, որոնք տարբեր ոլորտներում երկար տարիների փորձ ունեն, բայց ամենակարևորն այն է, որ նրանք նվիրյալներ են՝ Հայաստանին, հայրենիքին։ Մարդիկ են, որ տարիներ շարունակ եղել են սկզբունքային, երբեք գործարքների մեջ չեն մտել, հավատում են երկրի ապագային, լավ գիտեն երկրի խնդիրները և նաև տեսնում են այդ խնդիրների լուծումները։

Վ. Օսկանյանը հավելել է, որ երկիրն օրեցօր թուլանում է և, համախմբան միջոցով պետք է կարճ ժամանակում հասնել իրական փոփոխությունների։

–ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը հայտ է ներկայացրել կազմել հաջորդ իշխանությունը, որովհետև մենք ունենք դրա բոլոր տեսակի իրավունքները՝ և՛ փորձը, և՛ նվիրումը, և՛ ծրագիրը, և՛ կարդրային կազմը։ Մենք ձգտում ենք իշխանափոխության։ Դուք վստահ եղեք, որ մենք հետ չենք կանգնելու։ Այն, որ մենք մեր ամբողջ ներուժը դնելու ենք, որ երկրում լինի փոփոխություն, առաջնորդեն նոր դեմքեր, նոր ծրագրով, այնտեղ լինեն ազնիվ մարդիկ, միանշանակ է։ Այս իշխանություններն իսկապես իրենց սպառել են՝ բոլո՛ր առումներով,–ասել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահը։

Օսկանյանն անդրադարձել է նաև վերջին օրերին առկա լարվածությանը՝ հատուկ ընդգծելով, որ չի կարելի թույլ տալ նոր արյունահեղություն։ Ըստ նրա՝ ոչ թե «Սասնա ծռերի» տղաների արածն է ահակեբչություն ու բռնություն, այլ այս իշխանություններն են ահաբեկչության ու բռնի ուժի միջոցով կառավարում տարիներ շարունակ։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը