Մեկնաբանություն

25.07.2016 20:10


Երևի «Մշո Ճառընտիրում» է կարդացել թարս բուսած խիյարի մասին

Երևի «Մշո Ճառընտիրում» է կարդացել թարս բուսած խիյարի մասին

Սերժ Սարգսյանը շարունակում է ձեւացնել, թե, իբր, երկրում ոչինչ չի պատահել, ու իրեն փորձում է պահել «բան էլ չկա» ոճի մեջ:

Կեսգիշերին մոտ «Սասնա ծռերը» ՊՊԾ գնդի ծառայողական մեքենա են այրում եւ ի ցույց դնում բոլորին, ոստիկանությունը զինված ապստամբության հեղինակներից կամ մասնակիցներից մի քանիսին հարբեցող ու թմրամոլ է ներկայացնում, միաժամանակ, քրեական օրենսգրքի հոդվածներ է մատնանշում, որով «անցնում» են նրանք, ի պաշտպանություն զինյալների՝ ցույցերը շարունակվում են, իսկ առավոտյան Սերժ Սարգսյանը, դեմքին «հանգստություն» նկարելով, գնում է մասնակցելու ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Մի միջոցառում, որտեղ շատ-շատ կարող էր ներկա լինել պաշտպանության նախարարը կամ փոխնախարարը: Բայց ո՛չ, նրանց փոխարեն Սերժ Սարգսյանն է մասնակցում «ավարտական հանդեսի» (այդ հաստատություններն ամեն տարի շրջանավարտներ են «թողարկում», սակայն ոչ մի անգամ այդ միջոցառումներին ՀՀԿ ղեկավարը ներկա չի լինում): Դե, հիմա է պետք ներկա գտնվել մի միջոցառման, որպեսզի ցույց տա, թե երկրում իրավիճակը լարված կամ ճգնաժամային չէ: Եթե այդպիսին չէ, ապա ինչո՞ւ է 8 օր ձգվում խաղաղ հանգուցալուծման հասնելու պահը, ինչո՞ւ են բանակցությունները շարունակվում, կամ բանակցողների նոր «ֆիգուրների» որոնման ուղղությամբ աշխատում:

Բայց զարմանալին, եթե չասենք՝ զավեշտականը, նշված միջոցառման ժամանակ Սարգսյանի արտասանած խոսքն է՝ կառուցված բացառապես «հոգեւոր հենքի» վրա (նրա այդ խոսքը գրողները, հավանաբար, շատ են ցանկացել արտասանողին դնել ծիծաղելի վիճակում):

Նորընծա սպաներին հորդորելով բարձր պահել մարտական ոգին (այսինքն՝ պատրաստվել բահով կռվելու)՝ Սերժ Սարգսյանն այնուհետ խոսում է քաղաքակրթությունից, արժեքներից, հիշեցնում է նրանց եւ քանիցս շեշտում մեր մատենադարանի գոյության փաստը։

«Պաշտպանելով երկիր և մատենադարան՝ դուք պաշտպանում եք այն քաղաքակրթական արժեքները, առանց որոնց չկա հայի ինքնություն, չկա Հայաստան»,- հայտարարում է ՀՀԿ ղեկավարը:

Ծանոթանում ես փոքրիկ տեքստին ու զարմանում՝ լա՛վ, այս մարդը եթե մատենադարանը գնահատում է, մեր ձեռագրատան արժեքը գիտի, ինչո՞ւ է նրա բանավոր խոսքն այդքան աղքատիկ ու սնամեջ: Մի՞թե մատենադարանում պահվող, 28 կգ կշռող «Մշո Ճառընտիրում» է կարդացել թարս բուսած խիյարի, «Իյա՜, իրո՞ք»-ի, կամ տոկոս խփելու մասին (չթվարկենք նրա մյուս բանահյուսական «գոհարները»):

Մատենադարանի անունը շոշափող, քաղաքակրթական արժեքների մասին վերամբարձ խոսքեր ասող մարդը երկրում արժեհամակարգը չէր ոչնչացնի (Բ26-ի TV-ների արտադրանքը վկա, չհաշված լրատվական դաշտի գերակշիռ հատվածից արտածորող բամբասանքները, բանսարկությունները եւ մուտիլովկաները):

Մատենադարանից ու քաղաքակրթական արժեքներից խոսող մարդը չէր առաջնորդվի «ամեն ինչ գնվում է եւ վաճառվում» կարգախոսով (կուսակցություններ, պալատական խեղկատակներ եւ այլն) եւ երկրում բարոյահոգեբանական մթնոլորտը չէր հասցնի աղտոտվածության այն աստիճանի, երբ այլեւս ոչ ոք ոչ ոքի չի հավատում (իսկ արդարություն, ազնվություն, ճշմարտություն հասկացությունները նետվել են աղբանոց):

Երկիրը հասցրել է աղետալի վիճակի, բայց շարունակում է ճառել, ճառել, ճառել: Դե, «Սասնա ծռերն» էլ արդեն կեղծ ճառեր լսելու զահլա չունեին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը