Մեկնաբանություն

04.08.2016 00:05


Հանդիպում ես, որ ի՞նչ անես

Հանդիպում ես, որ ի՞նչ անես

Ընդհատակում գտնվող «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Գարեգին Չուգասզյանը «Սիվիլնեթին» տված հարցազրույցում հարցին, թե Սերժ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել հանդիպելու Ժիրայր Սեֆիլյանի հետ զենքերը վայր դնելուց հետո, կլինի՞ արդյոք նման հանդիպում, պատասխանել է. «Այդ հարցն ուղղեք Սերժիկ Սարգսյանին: Մենք մեր ձեռքի տակ ունենք զենքերը վայր դնելու բանակցությունների ձայնագրությունը, ուր հստակ տղաներին խոստացվում է այդ հանդիպումը: Հանդիպումը մինչև օգոստոսի 4-ը՝ ժամը 18.00–ն չկայանալու դեպքում մենք կհրապարակենք այդ ձայնագրությունը»:

Անկեղծ ասած, զարմանալի է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները մինչ զենքը վայր դնելը հավատացել են Սերժ Սարգսյանի խոստմանը, որը նրանց փոխանցել են վերջինիս կողմից ուղարկված բանակցողը կամ բանակցողները: Սերժ Սարգսյանը եթե ցանկանում էր, որ արյուն չհեղվի, ապա ՊՊԾ գնդի գրավումից անմիջապես հետո կփորձեր հանդիպել Ժիրայր Սեֆիլյանի հետ: Նա այդ քայլը չարեց երկու շաբաթ: Սպասեց այնքան, որ զոհվեց երկու ոստիկան, երիտասարդի աչքը հանեցին, ոստիկանական բռնություններից տուժեցին բազմաթիվ քաղաքացիներ, տասնյակ ցուցարարներ բերման ենթարկվեցին:

Եթե նա Ժիրայր Սեֆիլյանի հետ հանդիպելու ցանկություն ունենար, ապա ոստիկանությանը չէր հրահանգի հերթով շարքից հանել «Սասնա ծռեր» խմբի անդամներին (կրակելով նրանցից մի քանիսի ոտքերին): Ավելին՝ ՊՊԾ գնդի տարածք-Սարի թաղ հատվածում մարտական գործողությունների, ահաբեկումների, բռնաճնշումների ծրագիր չէր իրականացնի: Այս ամենի մասին իմանալուց հետո իսկապես զարմանալի է, որ տղաները հավատացել են Սերժ Սարգսյանի խոստմանը (8 տարի նա իսկի նախընտրական խոստումները չկատարեց՝ խաբելով ողջ ժողովրդին):

Նախագահականում օգոստոսի 1-ի հավաքին Սարգսյանի ելույթի շեշտադրումները զինաթափված-հանձնված և արդեն կալանավորված «Սասնա ծռերի» համար, թերևս, կարող են հավելյալ ապացույց հանդիսանալ, որ իրենց պարզապես խաբել են բանակցողները կամ բանակցողը: Ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանը:

Հիմա, երբ ապստամբներն իր ձեռքում են՝ զինաթափված ու կալանված, կոպիտ ասած, Սեֆիլյանն այլևս ՀՀԿ ղեկավարին պետք չէ: Ի՞նչ է՝ գնալու է «Նուբարաշեն» ՔԿՀ, որ Սեֆիլյանի հետ իր հրաժարականի հա՞րցը քննարկի: Մեկը, որ հայտարարում է, թե այս ամենից երկիրն «ավելի ուժեղացած դուրս եկավ» (նկատի ունի իրեն, էլի), մի՞թե նրան այլևս պետք է այդ հանդիպումը: Բանակցությունների ձայնագրության հրապարակումն էլ ոչինչ չի տա: Ի՞նչ է՝ ժողովուրդը նո՞ր պետք է ճանաչի Սերժ Սարգսյանին, որը Բաղրամյան 26-ում հայտնվելու պահից մինչ օրս խաբում է ու խաբում: Ավելի ճիշտ՝ իր հոգեկերտվածքին հարազատ բառով ասած՝ 8 տարի է՝ բոլորին ֆռռացնում է: Մնում է՝ ժողովուրդը խելքը գլուխը հավաքի ու 2017-ի ընտրություններին մի լավ «ֆռռացնի» իրեն:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը