Քաղաքական

06.08.2016 21:27


Ժիրայր Սեֆիլյանը հորդորում է շարժումն անգլուխ չթողնելու նպատակով ձևավորել վերկուսակցական տարաբնույթ ձևաչափեր

Ժիրայր Սեֆիլյանը հորդորում է շարժումն անգլուխ չթողնելու նպատակով ձևավորել վերկուսակցական տարաբնույթ ձևաչափեր

Ժիրայր Սեֆիլյանի՝ օգոստոսի 6-ի նամակը Վարդաշենից ՔԿՀ–ից.

«Այն ապատեղեկատվությունը, որ օրեր առաջ շրջանառության մեջ դրվեց Վիտալի Բալասանյանի կողմից, թե իբր «Սասնա Ծռերի» տղաները և ես հրաժարվել ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուց, նույն պահին իսկ հերքվեց «Սասնա Ծռեր» խմբի ներկայացուցիչների կողմից և երկու օր անց՝ իմ կողմից: Ցավալիորեն այդ ապատեղեկատվությունը շարունակվում է շրջանառվել, այս անգամ սակայն, ընդդիմադիր գործիչ, հարգելի Նիկոլ Փաշինյանի կողմից: Վերջինս մատնացույց է անում հուլիսի 31-ին իմ տարածած հայտնի նամակը ասելով, «որ այնտեղ ես Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ չեմ բարձրացրել»:
Դժբախտաբար, Նիկոլ Փաշինյանը տարընթերցմամբ է ընկալել այդ նամակի բովանդակությունը՝ մասնավորապես չնկատելով նախաբանում գրված պարբերությունը, որտեղ սևով սպիտակի վրա նշված է, որ այս նամակի բովանդակությունը բացառապես վերաբերում է հավանական բանակցությունների առաջարկությանը որպես ոսկե միջին, որի արդյունքում տղաները պետք է զենքը վայր դնեին: Շեշտում եմ, բացառապես վերաբերում էր տղաների կողմից զենքը վայր դնելուն ու արյունահեղությունը կանխելուն:
Ես, գտնվելով մեկուսացման մեջ և ամբողջությամբ չտիրապետելով իրավիճակի տեղեկատվությանը, երկկողմ արյունահեղությունը կանխելու այսպիսի մարտավարություն եմ պատկերացրել, ու չգիտեմ, իմ փոխարեն գուցե այլ մարդ կամ Նիկոլ Փաշինյանը լիներ, հնարավոր է գտներ այդ վտանգը կանխելու այլ ուղի:
Հակառակ նրան, որ այս կեղծ տեղեկատվությունը այդ օրը հերքվել է տղաների և իմ կողմից, ու ես տեղեկանալով Վարուժան Ավետիսյանի զենքը վայր դնելու պահին հայտնի ելույթին, նաև ընթերցելով օգոստոսի 3-ի «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ, ընդհատակում գտնվող Գարեգին Չուգասզյանի՝ Սիվիլնեթին տված հարցազրույցում նշված այժմյա գերակա 7 կետերից բաղկացած պահանջները՝ տարակուսանքով եմ ընդունում Նիկոլի եզրակացությունը:
Անցնելով առաջ և օգտվելով առիթից՝ հորդորում եմ Նիկոլին ու ընդդիմադիր գործիչներին ընկալել պահի լրջությունը ու ամեն ինչ անել իմաստավորելու Սասնա Ծռերի զոհողությունը, իմաստավորել հուլիսի 17-ից սկսյալ նրանց աջակցող մեր ապստամբ ժողովրդի զոհողության պատրաստակամությունը, և առաջնահերթորեն իրար հետ համախմբված և համերաշխ լինել:
Շարժումը անգլուխ չթողնելու նպատակով ձևավորել վերկուսակցական տարաբնույթ ձևաչափեր և ժամ առաջ նետվել մեր երկիրը ազատագրելու գործին: Ամփոփելով խոսքս՝ փորձեմ վերախմբագրել վերջին տարիների մեր կողմից բարձրացված քաղաքական օրակարգերի, «Սասնա Ծռերի» պահանջների, համահայկական նպատակի քաղաքական օրակարգը հետևյալ տրամաբանական հերթականությամբ:
1. Ռազմագերիների և քաղբանտարկյալների ազատում
2. Վստահության կառավարության ձևավորում (հակաճգնաժամային և անցումային փուլի ծրագրով օժտված)
3. Սերժ Սարգսյանի հեռացում
4. Արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ:

Ժիրայր Սեֆիլյան
06.08.16թ.
Վարդաշեն ՔԿՀ»։

Այս խորագրի վերջին նյութերը