Մեկնաբանություն

11.08.2016 00:05


Բոլորը դեռ տաք են

Բոլորը դեռ տաք են

Սերժ Սարգսյանը տաք է ու դեռ չի զգում, որ սարսափելի որոշում է կայացրել՝ պատերազմ հայտարարելով «քաղաքականություն» հասկացությանը և քարոզելով ամեն ապաքաղաքականը։ Նա դրանով հանրության մեծամասնության մոտ դոմինանտային է դարձրել «Սրանց մենակ գյուլլելա ա պետք» մտածողությունը։

Քաղաքական ուժերն էլ են տաք ու չեն զգում, որ հանրության մոտ արմատական ու կոշտ տրամադրություններն այլևս դժվարացրել են խոսքի ու մտքի ուժով քաղաքական պայքար մղելու հնարավորությունը։

Այս ամենը նշանակում է, որ այլևս մենք մտել ենք ցնցումների կամ ցնցումների սպասման տիրույթ։

Իշխանությունները փակել են քաղաքական ու քաղաքակիրթ ճանապարհով փոփոխությունների հասնելու հնարավորությունը։ Մարդիկ այս պայմաններում կա՛մ պետք է արտագաղթեն, կա՛մ կորցնեն իրենց «ես»–ը, կա՛մ դիմեն ծայրահեղ միջոցների։ Վերջին տարբերակը փորձեց կյանքի կոչել «Սասնա ծռեր» խումբը։

ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած հանրային արձագանքը ցույց է տալիս, թե որքան մեծ է քաղաքական ու ընտրական գործընթացների նկատմամբ անվստահությունը և որքան մեծ է նաև փոփոխությունների պահանջը։

Զենքով քաղաքական հարցեր լուծելն, անշո՛ւշտ, ընդունելի չէ, բայց ամբողջ խնդիրն այն է, որ զենքով հարցերը լուծելու անուղղակի պատվիրատուն իշխանությունն է։ Վերջինս հանրությանը դրել է անելանելի դրության մեջ։ Ասում են՝ այս վիճակը պահպանվելու է, վերարտադրվելու է ու մի բան էլ խորանալու է։ Ստացվում է փակ ու արատավոր շրջան։

Թե ինչպես է հնարավոր քաղաքական ճանապարհով այդ շրջանից դուրս գալ, լուրջ մտածելու բան է։ Բայց բոլորը տաք են, դեռ չեն զգում, էլ ուր մնաց, թե մտածեն։

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.։ Եթե հավատալու լինենք որոշ մարդկանց գնահատականներին, ապա կստացվի, որ խեղճ Սերժ Սարգսյանն ու մեկ էլ նրան կցված հաճախորդաց դասն է մտածում մեր երկրի մասին և հետևաբար այս «նեղ մաջալին» չարժե խանգարել ՀՀԿ ղեկավարին։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Մի քանի տարի առաջ ոմանց մտքով կանցնե՞ր, որ Սարգսյանն այդպիսի փաստաբաններ է ունենալու։ Այն ինչ իրեն չի թույլ տալիս անգամ ՀՀԿ-ն, սիրով կատարում են Սարգսյանի տարած ու հետ բերած «արմատականները»:

Այս խորագրի վերջին նյութերը