Մեկնաբանություն

11.08.2016 09:50


Սերժ Սարգսյանը դուրս թողեց Հայաստանը

Սերժ Սարգսյանը դուրս թողեց Հայաստանը

Եթե հավատալու լինենք սերժսարգսյանական քարոզչամեքենային, ապա կստացվի, որ Սերժ Սարգսյանը մինչև 2008թ. եղել է ծպտյալ ընդդիմադիր գործիչ, ընդհատակյա պայքար է մղել վարվող արտաքին ու ներքին քաղաքականության դեմ և տանը հոնգուր-հոնգուր լացել է, երբ իմացել է, որ մարտի 1-ի միջոցով պետք է բազմի նախագահի աթոռին: Նա այնքան բարի է, որ չի դիմադրել չար «ձյաձյաների» ճնշումներին ու ստիպված համակերպվել է ստեղծված իրավիճակին:

Սերժսարգսյանական քարոզչամեքենան տարիներ շարունակ նաև տարածում է, թե Սարգսյանը նախաձեռնողական է և Ղարաբաղին վերադարձնելու է բանակցային սեղան (իրականում՝ Ղարաբաղին բանակցային սեղանից հեռացնելու իրավափաստաթղթային քայլն արվել է 2008-ին, երբ Սարգսյանը Մայնդորֆում հռչակագիր ստորագրեց Ալիևի հետ. 1994-ի զինադադարից հետո առաջին անգամ ստորագրվեց հայ-ադրբեջանական փաստաթուղթ, որի տակ չկար Ստեփանակերտի ստորագրությունը):

Երեկ բոլորը տեսան, որ Սարգսյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Հայաստանն է դուրս մնացել Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացից: Հայաստանն ընդհանրապես ամեն ինչից դուրս է մնացել և թողնվել դրսի ուժերի բարի կամքին:

Ղարաբաղի հարցի շուրջ հիմա ինտենսիվորեն բանակցում են Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան (հիշո՞ւմ եք, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը «Ֆուտբոլային» դիվանագիտության մեկնարկի ժամանակ առաջարկում Գյուլին օժանդակել Ղարաբաղի հարցում): Սարգսյանին կանչեցին (կամ էլ՝ ինքը խնդրվեց ու գնաց) Մոսկվա, որպեսզի տեղյակ պահեն, թե ինչ են պայմանավորվել: Իսկ դա նշանակում է, որ միջազգային հարաբերություններում Հայաստանն ունի օբյեկտի կարգավիճակ: Եվ այս ամենը՝ «նախաձեռնողականության», «եվրաասոցացման», «եվրասիականացման», ներքին թալանի, անարդյունավետ կառավարման, բանակի միտումնավոր թուլացման ու այլ բաների պատճառով:

«Վերջի բոլշևիկն» այնքան է թուլացրել Հայաստանն ու Ղարաբաղը, որ դիմադրության ռեսուրս չունի և ապավինում է Պուտինին քծնելուն ու անսահման «շնորհակալություններ» հայտնելուն: Նա ռեսուրս չունի, բայց դա չի նշանակում, որ մեր երկիրն է զուրկ ռեսուրսից: Սարգսյանն է մեր ռեսուրսների մսխման պատճառը և միայն նրա հեռացմամբ է հնարավոր ազգային ու պետական դիմադրություն ցույց տալ և կապիտուլյացիայի չգնալ:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը