Լրահոս

25.10.2010 13:58


Դժգոհություններ ԱԺ նիստերի վերանորոգված դահլիճից

Դժգոհություններ ԱԺ նիստերի վերանորոգված դահլիճից

Չորրորդ գումարման ութերորդ նստաշրջանի աշխատանքները խորհրդարանը սկսել է արդեն վերանորոգված ձվաձև դահլիճում։

 Տեխնիկական մի շարք խնդիրներ են առաջացել. մասնավորապես, պատգամավորները սկզբում չեն իմացել, թե ինչպես պետք է քվեարկեն, նրանց խոսափողները չեն աշխատում։ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը քվեարկության հետ կապված խնդիր է ունեցել, ինչին ի պատասխան Հովիկ Աբրահամյանն առաջարկել է. «Կես ժամ շուտ գայիք, մարզվեիք»։

ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը պատգամավորներին բացատրել է, թե եթե համակարգչի էկրանին գրվում է «Շնորհակալություն քվեարկության համար», ապա դա նշանակում է, որ քվեարկությունն արդեն կատարված է։ Իսկ պատգամավոր Խաչիկ Մանուկյանի համակարգիչն էլ ընդհանրապես չի աշխատել։

Այսօր նաև լրագրողներն են մի շարք դժգոհություններ ունեցել' կապված իրենց մասնագիտական աշխատանքի պայմանների հետ։ Աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը հանդիպում է կազմակերպել լրագրողների հետ ու լսել նրանց դժգոհությունները։ Լրագրողները դժգոհել են իրենց հատկացված մասում ապակիների առկայությունից' բողոքելով, որ չեն տեսնում, թե վերջին շարքում նստած պատգամավորներն ինչպես են քվեարկում, իսկ լուսանկարելու համար ապակիները անհարմարություն են ստեղծում, ձայնագրության խնդիրն ամբողջությամբ ապահովված չէ, լրագրողներին տրամադրված համակարգիչների պակաս կա։

Գեղամ Ղարիբջանյանն էլ առաջարկել է նախևառաջ լուծել լրագրողների դրեսկոդի' հագուկապի հարցը՝ ավելացնելով, թե նրանց բոլոր դժգոհություններն անձամբ կփոխանցի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, և հնարավորության դեպքում, արդեն հաջորդ քառօրյային, այդ խնդիրներին լուծում կտրվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը