Լրահոս

25.10.2010 16:10


Դատարանը հիմնավորված է համարել լրտեսության համար առաջադրված մեղադրանքը

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ՀՀ քաղաքացի Գ. Հայրապետյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսության ձևով պետական դավաճանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել ու պահել) և ԻԻՀ քաղաքացի, ազգությամբ ազերի Բ. Բաղերիին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածով (լրտեսություն, որը կատարվել է օտարերկրյա քաղաքացու կողմից) առաջադրված մեղադրանքները:

Դատարանը ապացուցված է համարել մեղադրող դատախազների ներկայացրած ապացույցներն առ այն, որ Գ. Հայրապետյանը, հավաքագրվելով ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ստացած առաջադրանքի հիման վրա, հավաքել և նրանց է փոխանցել գաղտնի տեղեկություններ ՀՀ զինված ուժերի մարտունակության և պաշտպանունակության վերաբերյալ, ինչպես նաև որոշակի տեսանյութեր՝ հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով:

Ադրբեջանական հատուկ ծառայություններից վերջին հանձնարարությունը Գ.Հայրապետյանը ստացել է 2009 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի, ազգությամբ ազերի Բ. Բաղերիից, իսկ որպես հանդիպման նշանաբան ծառայել է Գ.Հայրապետյանին ծանոթ՝ Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցի լուսանկարը: Գ.Հայրապետյանը Բ.Բաղերիին հյուրընկալել է իր տանը և, ծրարով ստանալով հերթական առաջադրանքը, նրան հանձնել նյութեր, որոնք կարող էին օգտագործվել հակահայկական քարոզչություն ծավալելու համար, ինչը հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Մեղրիի «Կարչևան» սահմանային անցակետում կատարված ստուգման ժամանակ՝ Բաղերիի պայուսակի ստորին մասի տակդիրում հարմարեցված գաղտնարանից:

Նախաքննության ընթացքում Գ.Հայրապետյանի բնակարանում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է նաև հրազեն և ռազմամթերք:

Դատարանը հիմնավորված համարելով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը՝ Գ.Հայրապետյանին դատապարտել է 12 տարվա, իսկ Բ. Բաղերիին՝ 10 տարվա ազատազրկման:

Սույն քրեական գործի դատաքննությունը տեղի է ունեցել դռնփակ: Ամբաստանյալները ապահովված են եղել պաշտպաններով, իսկ ԻԻՀ քաղաքացին՝ նաև թարգմանիչով:

 

Այս խորագրի վերջին նյութերը