Քաղաքական

15.08.2016 10:15


Հիմնադրվեց ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Սպիտակի կառույցը (ֆոտոշարք)

Հիմնադրվեց ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Սպիտակի կառույցը (ֆոտոշարք)

Օգոստոսի 14–ին հրավիրվել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Սպիտակի համայնքային կառույցի հիմնադիր ժողովը, որին մասնակցել են ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, վարչության անդամ և խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանը, վարչության անդամներ Մանվել Եղիազարյանը, Կարեն Անդրեասյանը և Արեգնազ Մանուկյանը։

Նախաձեռնող խմբի 90 անդամներից ներկա է եղել 79–ը։ Ժողովն ընտրել է 7 հոգուց բաղկացած քաղխորհրդի կազմ։ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Սպիտակի համայնքային կառույցի խորհրդի նախագահ է ընտրվել Կորյուն Զաքարյանը։ Նա իր խոսքում նշել է, որ հավատացած է՝ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ կանի ամեն ինչ, որ երկրի առջև ծառացած խնդիրները լուծվեն։

Կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանն անդրադարձել է Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին:

–Վերջին ութ տարիների ընթացքում հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում մենք ունենք հետընթաց։ Դրան ավելացել է նաև անվտանգության հետ կապված խնդիրը։ Իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Ղարաբաղի տարածքները հանձնելու ագրեսիվ, կեղծ խաղաղասիրական ու դեմագոգիկ քարոզ է սկսել։ Իշխանությունները համաձայնել են հանձնել տարածքները՝ ոչ մի բանի դիմաց. ԼՂՀ կարգավիճակի հարցը թողնված է անորոշ ապագային: Մենք դեմ ենք այդ պարտվողական մոտեցմանը և ամեն ինչ անելու ենք, որպեսզի թույլ չտանք դրա կյանքի կոչումը,–ընդգծել է Ա.Թևանյանը, ապա ավելացրել, որ Բաքվում հայտնված դավաճան Վահան Մարտիրոսյանի ասածներն այսօր նույնությամբ քարոզվում է իշխանության ներկայացուցիչների կողմից։

Ղարաբաղյան հարցին անդրադարձել է նաև «Արաբո» ջոկատի հիմնադիր հրամանատար Մանվել Եղիազարյանը։ Նրա խոսքով՝ տարածքներն ազատագրելիս իրենք չէին պատկերացնում, որ տարիներ անց Հայաստանն այսպիսի աննորմալ վիճակում կհայտնվի։

–Այսօր իշխանությունները դարձել են խառնամբոխ, մարդկանց տեսակ են զարգացնում, երիտասարդություն են դաստիարակում՝ կեղծ, մայմուն, և ես սկսել եմ անհանգստանալ, որ այդ կապիկությունը, սողությունը մտնում է մեր ջահելների մեջ։ Եթե տան հայրը եղավ հարբեցող, սրիկա, խաբեբա, նրան հարևանները չեն հարգի։ Նույնը պետությունն է աշխարհում։ Այսօր մեր իշխանություններին չեն հարգում, մենք խայտառակ վիճակում ենք հայտնվել։ Ես ձեզ կոչ եմ անում՝ ինչպես 25 տարի առաջ, այնպես էլ հիմա նորից նվիրվել և թույլ չտալ, որ մեր երեխաների ապագան կործանեն։ Մենք մտել ենք կուսակցության մեջ, որ պայքարենք, փոխենք ստեղծված իրավիճակը։ Կյանքից մահը մի վայրկյանն է բաժանում։ Էդ մի վայրկյանից պետք չէ վախենալ։ Կարևորը կյանքն արժանապատիվ ապրելն է,–հայտարարել է Մ.Եղիազարյանը։

Կարեն Անդրեասյանն անդրադարձել է այն դրդապատճառներին, որոնք պետք է մղեն մարդկանց համախմբվել և պայքարել հանուն փոփոխությունների:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը վերհիշել է, թե ինչպես է 1991թ.՝ Հայաստանի անկախությունից հետո, ԱՄՆ–ից վերադարձել Հայաստան։

–Միացյալ նահանգներում իմ կյանքի, թերևս, ամենաեռուն, վերելքի շրջանն էր դա. ես գրեթե ավարտել էի համալսարանը, արդեն գումար էի աշխատում, իմ առաջին տունն էի գնել այնտեղ, երկու որդի ունեի։ Բայց Հայաստանի անկախանալուց հետո ինձ մոտ ներքին կանչ կար, և դա ինձ մղեց նրան, որ ես առանց մտածելու իսկապես ամեն ինչ թողեցի և իմ ընտանիքի հետ եկա Հայաստան։ Այդ օրվանից ապրում եմ այստեղ։ Իհարկե, ես Հայաստան եկա մեծ հույսով, մեծ հավատով ու վստահությամբ, որ մենք երկի՛ր ենք կառուցելու և ես այդ հավատը դեռ չեմ կորցրել։ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը մենք ստեղծել ենք ո՛չ պաշտոնի համար, ո՛չ մեր անձնական շահի համար, այլ, իսկապես, երկրի համար: Ինչպես 1991թ. իմ ներսում կանչ կար վերադառնալու հայրենիք, այսօր ինձ և իմ ընկերների մոտ կանչ կա հասարակությանը ներկայացնել այլընտրանք իշխանությանը,–նշել է Վ.Օսկանյանը՝ հավելելով, որ համոզված է՝ դա ՀԱՄԱԽՄԲՄԱՆԸ հաջողվելու է։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը