Քաղաքական

19.08.2016 16:26


Կարո Եղնուկյանը դստեր միջոցով նամակ է հրապարակել

Կարո Եղնուկյանը դստեր միջոցով նամակ է հրապարակել

Հուլիսի 19-ին ձերբակալված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը դստեր միջոցով նամակ է հրապարակել, որտեղ պատասխանել է իրեն ներկայացված մեղադրանքներին:

«22.07.2016թ. «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին օժանդակելու մեղադրանքով ինձ մեղադրանք առաջադրեցին ՀՀ քրեական օրենսգրքի 38-218-րդ 3-րդ մասով՝ պատանդներ պահելուն օժանդակելու և 38-219-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զավթած շենք շինություններ պահելուն օժանդակելու համար:

Ըստ մեղադրանքի՝ ինձ են մեղսագրվել հետևյալ գործողությունները՝

1. Որ ես խմբի անդամից տեղեկանալով դեպի գունդը տեխնիկայի շարժի մասին ստացված տեղեկությունը՝ հրապարակել եմ և դրանով խափանել գրոհը տղաների վրա:

2. Որ ես միջոցներ եմ ձեռնարկել Ազատության հրապարակում հավաքի մասնակիցներին գնդի մոտակա տարածք տեղափոխելու համար:

3. Որ ես ապատեղեկատվություն եմ տարածել, որ իրավապահ մարմինների տրամադրած սննդից զինված խմբի անդամները թունավորվել են, և այս անելով՝ ես վարկաբեկել եմ իրավապահ մարմիններին:

4. Որ ես ձգտել եմ Սասնա ծռերի համար դրսից ապահովել ռադիո կապ:

Մեղադրանքն ամբողջովին անհեթեթ է և արհեստական: Ես այս նշված գործողությունները չեմ կատարել, բայց նույնիսկ եթե կատարած լինեի, դրանք քրեորեն պատժելի չեն: Առաջին երեք կետերը վերաբերում են տեղեկություն տարածելուն, որը իմ ազատ խոսքի իրավունքն է: Իսկ վերջին կետը խոսում է այն բանի մասին, որ ես ձգտել եմ ռադիոկապ ապահովել, որը բացարձակ իրավաբանությանը ծանոթ դրույթ չէ, քանի որ անձանց ձգտումների, կամ որ նույնն է՝ ցանկությունների համար մեղադրանք չեն առաջադրում:

Սա առաջին դեպքը չէ, որ ես իմ քաղաքական հայացքների համար հետապնդվել եմ: Ես ցուցաբերել եմ քաղաքական և քաղաքացիական ակտիվություն սկսած Մաշտոցի պուրակից մինչև այս վերջին դեպքերը: Այս մեղադրանքները կարդալիս դուք ինքներդ կարող եք տեսնել և համոզվել, թե ինչքան շինծու են դրանք:

Այս քրեական գործը ունի մեկ նպատակ` ինձ մեկուսացնել պայքարի դաշտից, որպեսզի գլխատվի և ճնշվի շարժումը»,–գրել է Եղնուկյանը։

Ներկայացված մեղադրանքներով Կարո Եղնուկյանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

Այս խորագրի վերջին նյութերը