Քաղաքական

22.08.2016 13:15


«Պատերազմից հետո պարզվեց, որ Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվել, իսկ մեր կողմի մոտեցումները եղել ու մնում են հեղհեղուկ»

«Պատերազմից հետո պարզվեց, որ Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվել, իսկ մեր կողմի մոտեցումները եղել ու մնում են հեղհեղուկ»

Մենք մտել ենք ԼՂ հակամարտության կարգավորման բոլորովին այլ փուլ,– այսօր՝ օգոստոսի 22–ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նա նշել է, որ հայտնի էլ չէ՝ արդյոք բանակցային գործընթաց կա՞, թե ոչ: Այնուամենայնիվ, Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ բանակցային գործընթաց լինել չի կարող, քանի դեռ Արցախն ընդգրկված չէ դրանում:

Գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի ճգնաժամ: Դրա մասին վկայում է ոչ միայն այն, որ կողմերի միջև չկա հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածություն, այլև նաև այն, որ Մինսկի խմբի համանախագահները համեստ ու զգուշավոր են իրենց արած հայտարարություններում: Կփորձենք, ձգտում ենք, անում ենք՝ սրանք են նրանց բառերը, իսկ սա ոչ այլ ինչ է, քան անգործություն,- նշել Լարիսա Ալավերդյանը:

Ալավերդյանի համար հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում պարզ չէ:

–Քառօրյա պատերազմից հետո պարզվեց, որ Ադրբեջանի դիրքորոշումը մազաչափ անգամ չի փոխվել, իսկ հայկական կողմի մոտեցումները եղել ու մնում են հեղհեղուկ: Սեղանին դրված է այլ փաթեթ, զիջումների, հողերի, որը մեր բոլոր իշխանավորների թեթև ձեռքով ստացել է ավելի անհասկանալի բնութագիր: Բորբոքված ելույթներ են ունենում, թե ո՞վ է ասում, որ մենք հողեր ենք տալու, ո՞վ է ասում, որ նման խոսակցություններ կան, բայց ե՞ս եմ Կազանի մասին լուրը տվել, ե՞ս եմ հայտարարել, որ համաձայնել ենք այդ փաստաթղթին,- նկատել է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը։

Անդրադառնալով հայկական կողմի քայլերին, որոնք, ըստ բանախոսի, ավաղ, չեն նախաձեռնվել՝ Լարիսա Ալավերդյանը նշել է.

–ԵԱՀԿ-ն, բացի Մինսկի խմբից, ունի այլ ինստիտուտներ, օրինակ՝ փաստերի ուսումնասիրման մարմին: Այդ ինչի՞ Ադրբեջանը տեղի-անտեղի կդիմի այդ մարմնին, ԵԱՀԿ-ն էլ կգա կստուգի, մենք չենք կարող:

Ալավերդյանը չի բացառում նաև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը, ինչը, նրա կարծիքով, բավական լուրջ մակարդակի վրա է:

–Մենք չունենք հաջողություններ դիվանագիտության մեջ, որ ասենք, թե իջեցվել է այդ վտանգի աստիճանը: Դա նշանակում է, որ Ադրբեջանի տապալված, կեղտոտ հարձակումը մի ազդանշան էր մեր իշխանությունների համար, որ ԶՈՒ-ն ուժեղացվի, և ոչ այլ ինչ:

Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի հաջորդ հանդիպմանը, Լարիսա Ալավերդյանը վստահ է, որ դա որևէ դրական արդյունք չի տա հակամարտության կարգավորման հարցում:

Դրանով Մինսկի խումբն ուզում է ցույց տալ իր շարունակականությունը, ապահովել իր շարունակելիությունը, իսկ մենք որևէ ակնկալիք դրանից չպետք է ունենանք: Բայց սա չի նշանակում, որ ես դեմ եմ հանդիպումներին: Հանդիպումների առկայությունը նշանակում է, որ գոնե պատերազմ պիտի չլինի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը