Քաղաքական

23.08.2016 12:15


Փաստաբան. «Անդրիաս Ղուկասյանի կալանավորումը քաղաքական հետապնդում էր»

Փաստաբան. «Անդրիաս Ղուկասյանի կալանավորումը քաղաքական հետապնդում էր»

Այսօր՝ օգոստոսի 23–ին, լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը, ով մեղադրվում է «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գունդը գրավելու շրջանակներում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, նշված հանցագործությունը չի կատարել։

–Ըստ էության՝ Անդրիաս Ղուկասյանի, Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի գործողությունները եղել են հանրության աչքի առաջ, ուղիղ եթերով հեռարձակում է եղել, ու բոլորին պարզ է, թե ով ինչ գործողություններ է կատարել, մասնավորապես, Սարի թաղում ու ընդհանրապես Ազատության հրապարակից սկսած: Այս երեք գործիչները մեղադրվում են, սակայն, այն բանի համար, որ նպատակ են ունեցել հրահրել զանգվածային անկարգություններ, մարդկանց տարել են ոչ թե Խորենացի փողոց, այլ Սարի թաղ,– ասել է փաստաբանը։

Նա նշել է, որ այս պահին, պաշտպանական մարտավարությունից ելնելով, չի ցանկանում քննարկել՝ հանցակազմի որ տարրերն են առկա, իսկ որոնք առկա չեն, բայց ընդգծել է, որ Սարի թաղում տեղի ունեցածը որևէ կերպ չի կարելի համարել զանգվածային անկարգություն։

Լուսինե Սահակյանը կարծում է՝ ակնհայտ է նաև, որ Անդրիաս Ղուկասյանի կալանավորումը քաղաքական հետապնդում էր, քանի որ նա փորձել է սեփական կարծիքն արտահայտել, ավելին՝ ցանկացել է պայքարել անձանց իրավունքների համար, չի հանդուրժել մարդու իրավունքների խախտումը, փորձել է միջամտել դրան՝ օգտվելով խոսքի ազատությունից, հավաքներին մասնակցելու իր իրավունքից։

Լուսինե Սահակյանը հայտնել է, որ իրենք հետևողական կլինեն և Հայաստանում լուծում չստանալու դեպքում կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խախտումը այնտեղ ճանաչելու նպատակով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը