Տնտեսական

26.10.2010 16:45


Որքանո՞վ է իրատեսական նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացումը

Որքանո՞վ է իրատեսական նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացումը

Ազգային ժողովում հոկտեմբերի 26-ին քննարկվել է ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին» կառավարության ներկայացրած օրինագիծը, ըստ որի նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվում է 32 500 ՀՀ դրամ։ Օրինագծին դեմ են արտահայտվել ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների անդամները։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը մասնավորապես ասել է, որ իրենք կողմնակից են ամսական 45 000 նվազագույն աշխատավարձի հաստատմանը։

ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանի խոսքերով՝  կառավարությունն իր 2011թ. բյուջետային քաղաքականության շրջանակում, գիտակցելով, թե որքան վնաս է պատճառել իր վարքագիծը հանրությանը՝ թե՛ գնաճի, թե՛ անարդյունավետ պետական քաղաքականության տեսքով, փորձում էր սիրաշահել հասարակության հատկապես ցածր աշխատավարձով ապրողներին և առաջարկել է նվազագույն աշխատավարձի բարձրացում 2500 դրամով։  Սակայն աշխատավարձերի 2500 դրամով բարձրացումը, Ա. Մինասյանի խոսքերով, որևէ կերպ չի հիմնավորվում։

-Մենք ասում էինք, որ նախ կառավարությունն ունի կայուն զարգացման ծրագիր, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձի քաղաքականություն, միջին աշխատավարձի 32-33%-ի չափով։ Երկրորդ, ՀՀ Սահմանադրության 32 հոդվածն ամրագրում է, որ նվազագույն աշխատավարձը պետք է լինի արդարացի։ Երրորդ, արդարացիության սահմանումը տրված է վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի 4-րդ հոդվածի առաջին մասի վերաբերյալ սոցիալական կոմիտեի պարզաբանումներում։ Հայաստանն այդ խարտիան ընդունել է և պարտավորվել է դրանում ամրագրված առանձին նորմերը պարտադիր կիրառել, մնացած մասով ներկայացնել առաջին կարգի հաշվետվություն։ Եվ վերջապես չորրորդ, 2500 դրամի ավելացումը որևէ շոշափելի առաջընթաց չէ։ Մեր պահանջը հետևյալն է. Հայաստանը՝ որպես սոցիալական պետություն, ոչ միայն ունի Սահմանադրությամբ և միջազգային նորմերով ամրագրված պարտավորություններ, այլև զարգացման որոշակի դինամիկա, որն էլ հաստատվել է հենց այս քաղաքական մեծամասնության կողմից։ Ինչո՞ւ չի պահպանվում այդ դինամիկան,-ընդգծել է Արծվիկ Մինասյանը և հավելել, որ աշխատավարձի բարձրացման հնարավորություն պետությունը միանշանակ ունի։ Դա, նրա խոսքերով, ստվերային տնտեսությունն է. արդար աշխատավարձը, նպաստն ու կենսաթոշակը շատ դրական են անդրադառնում տնտեսության օրինականացման վրա։ Այսինքն, ստվերային տնտեսությունը գալիս է օրինական դաշտ։ Նա նաև նշել է, թե չպետք է մոռանալ, որ հարկային քաղաքականության մեջ բավական լուրջ գործիքակազմ կար, որը պետք է վերանայվի՝ սկսած հարկման առաջադիմական համակարգից, ավարտված որոշ հարկատեսակներն ուղղակի վերացնելով։

Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության առաջարկած 45 000 դրամ նվազագույն ամսական աշխատավարձի իրական լինել-չլինելուն, Արծվիկ Մինասյանն ասել է, որ այն հիմնված է սպառողական նվազագույն զամբյուղի ցուցանիշի վրա, որը վիճակագրական ցուցանիշ է և հաստատ ավելի լավն է, քան կառավարության ներկայացրած 32 500 դրամը։ Սակայն, նրա խոսքերով, չկա անհրաժեշտ բանաձևը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը