Կարծիք

30.08.2016 12:30


Քաղաքական բռնությունների բարոյահոգեբանական անդրադարձները

Քաղաքական բռնությունների բարոյահոգեբանական անդրադարձները

Վերջին շրջանում ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական տարատեսակ գործընթացները, պայմանավորված նաև արդի զարգացումներով, սկսել են քաղաքական դաշտից տեղափոխվել նաև սոցիալական հարթություն՝ ընդսմին ընտանիք: Որպեսզի ասվածն ավելի առարկայական լինի, նշեմ մասնավորապես հետևյալը. քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող անձինք, խաղաղ բնակիչներ, ինչպես նաև իրենց մասնագիտական գործառույթն իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչները հուլիսյան դեպքերի ընթացքում ենթարկվեցին աննախադեպ բռնությունների, որն ուղեկցվեց ինչպես ֆիզիկական և հոգեբանական, այնպես էլ նյութական-գույքային վնասով:

Քաղաքական բռնությունների արդյունքում դրսևորված տարատեսակ վնասների շարքում, թերևս, ամենադժվար հաղթահարելին բարոյահոգեբանական վնասն է, քանի որ այն, ի տարբերություն վերականգնվող և փոխհատուցելի նյութական վնասների, հնարավոր չէ լիարժեքորեն վերականգնել: Ասվածի վառ ապացույցը կարող են լինել Սարի թաղի դեպքերը, երբ տեղի խաղաղ բնակիչները իրենց անձեռնամխելի տարածքը համարվող բնակարաններում և տներում նյութական վնասին զուգահեռ զգացին նաև քաղաքական բռնությունների բարոյահոգեբանական անդառնալի հետևանքները:

Բռնությունների արդյունքում տուժած լրագրողները ևս հայտնվեցին ծանր բարոյահոգեբանական վիճակում: Չնայած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ այս ամենը մոռանալու հաստատուն կոչերին, դժվար է իրականում նման բան պատկերացնել: Ինչպե՞ս է հնարավոր դե յուրե ժողովրդավարական հանրապետությունում անսալ բարոյահոգեբանական ծանր վիճակն ավելի խորացնող այդ կոչերին, երբ մարդիկ ակնկալում են բռնությունների բոլոր հեղինակներին և իրականոցնողներին պատժել իրավական դաշտում, այլ ոչ թե քողարկել նրանց հանցանքը տեղի ունեցածը մոռանալու կոչերով:

Իրավիճակն էլ ավելի է բարդանում, երբ քաղաքական բռնությունների հետևանքներն անուղղակիորեն տեղափոխվում են ընտանիք: Երբ ընտանիքի որևէ անդամ հայտնվում է բռնությունների թիրախում, բնականաբար ընտանիքի մյուս անդամները ևս հայտնվում են միևնույն հոգեվիճակում, ինչն էլ իր հերթին խաթարում է ընտանեկան անդորրը: Ստացվում է այնպես, որ մեր երկրում լրագրողական գործունեության, քաղաքական դիրքորոշման, քաղաքացիական ակտիվ կեցվածքի պատճառով շեղվում է մարդկանց կյանքի բնականոն հունը՝ բացասականորեն անդրադառնալով ընտանիքի վրա՝ որպես սոցիալական ինստիտուտ:

Իսկ թե օրինաչափ է արդյոք այս ամենը ժողովրդավարական պետության համար 21-րդ դարում, թողնում եմ իշխանական «էլիտայի» դատողությանը:

Քաղաքագետ Արսեն Երանոսյան

Այս խորագրի վերջին նյութերը