Լրահոս

18.12.2009 13:25


Միգրացիոն իրողություններն իրենց վրա զգացել են ճգնաժամի ազդեցությունը

Միգրացիոն իրողություններն իրենց վրա զգացել են ճգնաժամի ազդեցությունը

-Այս տարվա միգրացիոն իրողություններն իրենց վրա հստակ զգացել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը,- «Դուպլեքս» ակումբում ասել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը։

Առաջին ազդեցությունը, Գ. Եգանյանի խոսքերով, այն է, որ գումարային ուղևորահոսքերի ծավալները գրեթե չեն աճել, այսինքն ավելի քիչ մարդ հնարավորություն ունի ուղևորություն կատարելու։ Երկրորդ ազդեցությունն այն է, որ բացասական սալտոն՝ մեկնողների և ժամանողների քանակի տարբերությունը, կրճատվել է, բայց՝ ի հաշիվ մեկնողների թվի կրճատման։ Դրանք հիմնականում սեզոնային աշխատանքային միգրանտներն են։ Երրորդ հնարավոր ազդեցության մասին խոսվում է, սակայն, ինչպես նշել է Գ.Եգանյանը, բարեբախտաբար այն տեղի չի ունեցել։ Խոսքը երկարաժամկետ միգրանտների հնարավոր վերադարձի մասին է, քանի որ աշխատատեղերի կորստի պայմաններում նրանք ևս որոշակի խնդիրներ կունենային։ Սակայն տվյալները այդպիսի գործոնի մասին չեն վկայում։

Ուղևորահոսքերի սահմանահատումների վերաբերյալ խոսելիս Գ.Եգանյանը նշել է, որ հունվար-նոյեմբեր ամիսների տվյալներով՝ և՛ օդային, և՛ ցամաքային եղանակով Հայաստան եկածների թիվը կազմել է 1 մլն 292 հազ. 733 անձ, իսկ մեկնածների թիվը՝ 1 մլն 329 հազ. 402 անձ, բացասական սալտոն կազմել է 38 հազ., ինչը 2008թ. համեմատ փոքր ցուցանիշ է։

Ինչ վերաբերում է 2010թ. Հայաստանից մեկնող աշխատանքային միգրանտների վերաբերյալ կանխատեսումներին, Գ.Եգանյանն ասել է, թե դա հիմնականում պայմանավորված է ընդունող երկրների իրավիճակով, մասնավորապես ՌԴ-ի։

-Եթե ճգնաժամը շարունակվի, ապա կարելի է կանխատեսել, որ սեզոնային աշխատանքային միգրացիան կմնա այս տարվա մակարդակի վրա, սակայն կարծես թե ճգնաժամի ամենացածր կետից դուրս գալու հայտանիշներ կան։ Եթե Ճգնաժամը շարունակվի, կարող է ազդեցություն թողնել նաև երկարաժամկետ միգրանտների վրա,- ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը