Հարցազրույց

20.09.2016 16:50


Վարդան Ղուկասյան. ««Կրիմինալ մթնոլորտ» ասողները հենց իրենք են Գյումրին սարքել կրիմինալ»

Վարդան Ղուկասյան. ««Կրիմինալ մթնոլորտ» ասողները հենց իրենք են Գյումրին սարքել կրիմինալ»

Հարցազրույց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ

–Պարո՛ն Ղուկասյան, ինչպե՞ս կմեկնաբանեք այսօր Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքը, որի հետևանքով մահացել է Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի կրտսեր որդին։

–Նախ՝ ես Վարդևան Գրիգորյանին հարգում եմ և ցավում եմ նրա որդու մահվան կապակցությամբ։ Նաև ցավում եմ, որ բարոյահոգեբանական մթնոլորտը փոխողների պատճառով նման բաներ են կատարվում մեր քաղաքում։ Պատճառների մասին ոստիկանությունը պետք է ասի՝ ինչ է տեղի ունեցել։ Ինչ վերաբերում է ինձ, ասեմ, որ 2007թ., երբ որ 4 հոգի ինձ հետ եղած մարդկանցից մահացավ, մենք խփվեցինք, մինչև այսօր գործը բացահայտված չէ, Կարեն Եսայանին կրկին ընտրությունների ժամանակ սպանեցին։ Ցավում եմ, որ ինչ–որ մարդիկ ընտրության ժամանակ նմանատիպ քայլեր են անում։ Ուղղակի պետք է Աստծուց վախենան մի քիչ էլ։ Լավ, էդ պաշտոնը հո ամեն ի՞նչ չէ, աշխարհի վե՞րջն է, ի՞նչն է, որ ամեն մի քայլի մարդիկ դիմում են։ Ես մեղքում եմ նմանատիպ մարդկանց։ Չնայած չգիտեմ՝ ովքեր են կատարել, բայց ամբողջ քաղաքը խոսում է այդ մասին։ Ես ասելու այլ բան չունեմ. վերևն Աստված կա, թող նա դատաստանները տեսնի։

–Բայց ոստիկանությունը, կարծես, դեպի ինքնասպանության վարկածն է տանում։

–Այդ երեխան ո՛չ հիվանդ է եղել, ո՛չ ինչ–որ բան է եղել, որ գնար ինքնասպանության։ Քաղաքը չի հավատում այդ վարկածին, ամբողջ բնակչությունը չի հավատում։ Մարդը պետք է հոգեկան հիվանդ լինի, ինչ–որ խանգարում ունենա, գրանցված լինի հոգեբուժարանում, որ գնա այդպիսի քայլի։ Բայց այդ երեխան շատ նորմալ, սպորտսմեն երեխա էր, ո՞նց կարող էր նման երիտասարդն ինքնասպանության գնար։

–Այսինքն, գյումրեցիները Վարդևան Գրիգորյանի որդու մահը կապում են հենց ավագանու առաջիկա ընտրությունների՞ հետ։

–Այո՛, ժողովուրդը կապում է ՏԻՄ ընտրությունների հետ։ Ուրիշ ի՞նչ կարող էր լինել. բոլորն այդպես են մտածում, ոչ ոք չի հավատում ինքնասպանության վարկածին։

–Փաստորեն, այն, որ ասում են՝ Գյումրիում կրիմինալ մթնոլորտ է, իրականությանը համապատասխանո՞ւմ է։

–«Կրիմինալ մթնոլորտ» ասողները հենց իրենք են Գյումրին սարքել կրիմինալ։ Մենք 5 ընտրություններ ենք անցկացրել, նմանատիպ բան լսե՞լ եք։ Ես զարմանում եմ, որ այս ձևերին են անցել, այնքան մանր, այնքան ճղճիմ, այնքան անշնորհք... Ես դուրս եմ եկել քաղաքականությունից ու նմանատիպ բաներ չեմ ցանկանում որևէ մեկին։ Եթե մեկը ինձ նույնիսկ թշնամի է համարում, չեմ ցանկանում, որ իր երեխայի դեմը գա։ Բայց վերևն Աստված կա, բոլորը կպատժվեն։

Հարցազրույցը վարեց Նելլի Ավագյանը

Այս խորագրի վերջին նյութերը