Մեկնաբանություն

23.09.2016 10:30


«Դրայվոտ» թեմաներ Կարեն Կարապետյանի համար

«Դրայվոտ» թեմաներ Կարեն Կարապետյանի համար

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը շատ ակտիվ ելույթներ է ունենում։ Առայժմ գործ չկա և չի էլ կարող լինել, քանի որ օբյեկտիվ պատճառներ կան. մի քանի օրում հնարավոր չէ հանրության համար տեսանելի գործեր անել։ Նախարարներ փոխելն ու նորերին նշանակելը հաշիվ չեն։ Կարևորն արդյունքն է։

Ընդունված է 100 օր հետո գնահատել նորանշանակ կամ նորընտիր պաշտոնյայի աշխատանքը։ Եթե ընդունված է, մենք էլ կընդունենք այդ խաղի կանոնը և առարկայական գնահատականներ կտանք Կարապետյանին մի որոշ ժամանակ անց։

Մինչ այդ արձանագրենք մի քանի խնդիրներ, որոնց վերաբերյալ առայժմ չի լսվում Կարապետյանի տեսակետը։ Խոսքն, օրինակ, վերաբերում է «կոպեկներով» սեփականաշնորհած և գերշահույթ ապահովող Որոտանի կասկադին։

Երբ 2015–ի փետրվարին ՀՀԿ–ի «պադվալում» տեղի ունեցավ հակասահմանադրական հայտնի հավաքը, դրանից անմիջապես հետո Որոտանի կասեցված սեփականաշնորհման գործընթացը Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատը հասցրեցին «տրամաբանական» ավարտին՝ օգտագործելով «ամերիկյան ներդրումներ» բլեֆը։ Կարապետյանին հետաքրքրո՞ւմ է այս թեման, թե ոչ։

Անցնենք առաջ։

Մինչև 2008թ. Հայաստանում հեղուկ վառելիքի շուկայում մի քանի ընկերություններ էին գործում։ Չէինք ասի, թե կար բարձր մրցակցություն, բայց առնվազն չորս ընկերություն ակտիվ խաղացող էր, և շուկան գոնե կիսամրցակցային էր։ Ասել է թե՝ բարեփոխման համար պետք է կիսամրցակցայինը դառնար մրցակցային շուկա, բայց Սերժ Սարգսյանի նախագահության օրոք վիճակը կտրուկ փոխվեց, և հիմա հեղուկ վառելիքի շուկան ՀՀԿ ղեկավարի ընտանեկան բիզնեսի մաս է կազմում՝ «Ռոսնեֆտ–Արմենիա» ծրագրի շրջանակներում։ Տվյալ դեպքում բլեֆը «ռուսականի» անվան տակ է հրամցվում։ Թեմա է, այնպես չէ՞։

Հաջորդը՝ մենաշնորհների դեմ պայքարը միայն ապրանքային շուկային չպետք է վերաբերի։ Լրատվական դաշտը գրեթե հարյուր տոկոսով կառավարվում է Բ26–ից։ Սրանից ավելի սարսափելի մենաշնորհի տեսակ չկա, քանզի քարոզչական մանիպուլյացիաներն ավելի մեծ վնաս են տալիս հանրությանը, քան բոլոր տեսակի լֆիկները՝ միասին վերցրած։ Նախորդ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր վրա ամբողջությամբ զգացել է «Գեբելսյան» քարոզչության բոլոր հետևանքները։ Շուտով կզգա նաև Կարապետյանը, եթե արդեն իսկ չի զգում։

Մի խոսքով, ահագին «դրայվոտ» թեմաներ կան, որոնց մասին կարող է խոսել կամ որոնց մասով կարող է աշխատանք իրականացնել Կ. Կարապետյանը։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը