Քաղաքական

23.09.2016 11:14


Նալբանդյանն ու Մոգերինին անդրադարձել են ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի միջանկյալ բանակցություններին (տեսանյութ)

Նալբանդյանն ու Մոգերինին անդրադարձել են ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի միջանկյալ բանակցություններին (տեսանյութ)

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

ԵՄ բարձր ներկայացուցիչը շնորհավորել է Էդվարդ Նալբանդյանին Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Եվրոպական միությունը շարունակելու է սատարել ՀՀ-ում ընթացող բարեփոխումներին։

Ֆեդերիկա Մոգերինին ողջունել է նոր ընտրական օրենսգրքի շուրջ Հայաստանի իշխանությունների և խորհրդարանական ընդդիմության միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ նշելով, որ հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կարևոր քայլ էր։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիության կողմից Հայաստանին տարիներ շարունակ ցուցաբերվող օժանդակության համար։

Էդվարդ Նալբանդյանը և Ֆեդերիկա Մոգերինին անդրադարձել են ս.թ. սեպտեմբերի 19-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի միջանկյալ բանակցություններին՝ երկուստեք գոհունակություն հայտնելով դրանց արդյունավետ ընթացքի կապակցությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել քաղաքական երկխոսության, ոլորտային համագործակցության և առևտրային հարցերի ուղղություններով ընթացող բանակցությունների շուրջ։ Կարևորվել է հոկտեմբերի վերջին Երևանում նախատեսված բանակցությունների հաջորդ փուլի անցկացումը՝ նպատակ ունենալով գործընթացն ավարտել մոտ ապագայում։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից նախաձեռնված Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով, որ մինչ օրս Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել դրանք:

Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է Եվրոպական միության լիակատար աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։

ՀՀ ԱԳՆ

Այս խորագրի վերջին նյութերը