Մեկնաբանություն

01.10.2016 10:25


ՀՀԿ «պատմական» համագումարին ընդառաջ

ՀՀԿ «պատմական» համագումարին ընդառաջ

Անհասկանալի է, թե ինչու է իշխող ուժն ամեն անգամ հերթական համագումարից երկու ամիս առաջ դրա մասին «անոնս» տարածում: Այդպես է եղել մի՛շտ: Կարծես փոփ աստղի գաստրոլների մասին են տեղեկացնում: Ո՞վ է սպասում այդ համագումարին, կամ ժողովուրդն այդ ե՞րբ է ակնկալիքներ ունեցել ՀՀԿ համագումարներից, որ երկու ամիս առաջ Բաղրամյան 26-ի լրատվամիջոցներն սկսում են «ռասկրուտկա անել» հերթական համագումարի «անոնսը»:

Զավեշտալին այն է, որ ԽՄԿԿ համագումարների ոճով (ինչու ոչ, նաև՝ բովանդակությամբ) անցկացվելիք ՀՀԿ համագումարներից երկու ամիս առաջ փորձում են խորհրդավորություն հաղորդել այդ «գրանդիոզնի» կուսակցական ժողովներին՝ ջանալով «ինտրիգային» տարր մտցնել և այդկերպ հետաքրքրություն առաջացնել հանրության շրջանում: Սա այն դեպքում, երբ հրաշալի գիտեն, որ նույն հանրության համար ուղղակի խորշելի են իշխող ուժի միջոցառումները: Այն պարզ պատճառով, որ ոչ ոք չի վստահում իշխող ուժին և նրա առաջնորդին, որոնց իրական վարկանիշը զրոյական է:

Առանց չափազանցության՝ ժողովրդի մեծամասնությունն ատում է իշխող ուժին: Ուրեմն, ինչի՞ համար են ինքնագովազդի ծիծաղելի փորձերը: Ինչ-որ մեկը հիշո՞ւմ է, որ ՀՀԿ-ի որևէ համագումարից հետո երկիրը փրկության ափ է դուրս եկել: Հակառակը՝ ավելի է մեծացել խորտակման վտանգը: Հիմա էլ հայտարարվում է, թե առաջիկա համագումարը «հաշվետու բնույթ» է կրելու, «առանցքային» է լինելու, հնարավոր է՝ ղեկավար կազմում փոփոխություններ լինեն: Ի՞նչ է՝ Սերժ Սարգսյանի կործանարար քայլերի հաշվետվությո՞ւն են ներկայացնելու: Կամ գուցե ի՞նքն է դա ներկայացնելու: Քանզի կատարված դրական քայլերի մասին հաշվետու լինելու հիմք չկա: Ուղղակի այդպիսի քայլեր չի կատարել, հետևաբար դրականի մասին խոսելու համար շա՜տ մեծ երևակայություն պետք է ունենալ: Սակայն նման փորձ անելու դեպքում էլ ՀՀԿ ղեկավարը հերթական անգամ կարող է հայտնվել զվարճապատումների գլխավոր հերոսի դերում:

8 տարի այնքան մեծ քանակության սուտ է արտանետվել այդ ամբիոնից, որ մինչև կոկորդներս կուշտ ենք: «Սա Հայաստանն է, և վե՛րջ» տիպի պաթետիկ գոչյունն էլ սրտխառնոց է առաջացրել:

Ինչ վերաբերում է համագումարն «առանցքային» որակելուն, ապա սա պարզ է. համագումարից մի քանի ամիս հետո անցկացվելիք ընտրություններում Սերժ Սարգսյանի համար տոկոս խփելն իսկապես առանցքային նշանակություն ունի: Իսկ կուսակցության ղեկավար կազմում հնարավոր փոփոխության մասին «թրիլլերային» ժանրի մոտիվներով հղացված «տրյուկից» հանրությունը չի ուշաթափվում. «էս գլխից» նրան քաջ հայտնի է, որ «ղեկավար կազմի փոփոխություն» ասվածը Սերժ Սարգսյանին չի վերաբերում: Նա կուսակցության ցմահ առաջնորդն է, և նրա առաջնորդության հարցը քննարկման առարկա չի կարող լինել:

Կուսակցության ծրագրի մասին անգամ չարժե խոսել: ՀՀԿ բոլոր ծրագրերում Շվեյցարիան է նկարագրված, սակայն մենք ապրում ենք Հայաստանում, և երկրի ու ժողովրդի վիճակը հայտնի է: Այնպես որ, առանց նախնական «անոնսի» էլ արդեն գիտենք, թե ինչ է տեղի ունենալու երկու ամիս հետո:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը