Քաղաքական

21.12.2009 19:43


Իսկ ո՞ւր մնաց Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությունը

Իսկ ո՞ւր մնաց Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությունը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի թեմայով ամիսների առաջ կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մանվել Բադեյանը բավականին կոշտ ելույթ ունեցավ, սակայն  օրեր հետո «Առավոտ» օրաթերթում արտահայտած նրա տեսակետները նկատելիորեն մեղմացել էին։ «Ինչո՞վ էր պայմանավորված կարծիքի նման փոփոխությունը»,- հետաքրքրվեցինք այսօր «Դուպլեք» մամուլի ակումբում ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հետ բանավեճին մասնակող Մանվել Բադեյանից։

-«Առավոտ» թերթի հոդվածը ե՛ս չեմ գրել։ «Առավոտ» թերթի հոդվածը գրել է ժուռնալիստը,- պատասխանեց նա՝ կոչ անելով լրագրողներին ուշադիր լսել և համարժեք արտացոլել իր մտքերը.

-Ես  «Առավոտ» թերթին տվել եմ այն հարցազրույցը, որը շարունակությունն էր իմ ելույթի, բայց ինչ-ինչ պատճառով (չեմ համարում, որ դա ժուռնալիստական կամ ադեկվատ նկարագրելու տաղանդի բացակայությունն է), կիսածամած մի բան էր ստացվել, որին ես ստիպված արձագանքեցի «Գոլոս Արմենի»-ում, որտեղ ես հստակ ասեցի այն, ինչ-որ մտածել եմ։ Այդ առումով իմ դիրքորոշումը չի փոխվել և հիմա էլ փոխված չի։ Ձեր տպավորությունը գալիս է նրանից, որ իմ բառերը չի, որ դուք կարդացել եք «Առավոտ» թերթում։

ՀՀԿ պատգամավորը նաև հերքեց, թե ասել է՝ հայ-թուրքական հարաբերությունների նախաձեռնողական քաղաքականությունում Հայաստանը պարտվել է.

-Չեմ ասել, որ պարտվել ենք, հիմա՛ էլ չեմ ասում։ Մենք չենք պարտվել, մենք պայքարի մեջ ենք։ Պարտվում են այն ժամանակ, երբ որ սպիտակ դրոշ են պարզում։ Ընդհակառակը, ես ասում եմ, որ մենք ծանր վիճակում ենք, և ունենք բոլոր ռեսուրսները դիմակայելու դրան, եթե մենք ազգ ենք։

Փոխարենը Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ իշխանությունների «աչքերը սկսում են բացվել, փառը թափվում է, և արդյունքում նախագահի ուղերձ է ծնվում, մեր դիրքորոշումն ավելի է հստակեցվում( առնվազն դրա նշաններն են երևում) և այլն»։

Վ. Հովհաննիսյանի խոսքերով՝ ճիշտ կլիներ, եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեին 3 փուլով՝ նախ սահմանը բացվեր, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեին, հետո կողմերի մոտեցումների մերձեցման գործընթացը սկսվեր, որից հետո նոր պայմանագիր կնքվեր.

-Թուրքերին հաջողվել է այդ երրորդ փուլը մտցնել նախնական՝ առաջին փուլի արձանագրությունների մեջ։ Սա՛ է իրենց հիմնական հաջողությունը, և որովհետև հասել են այդ հաջողությանը, հիմա ուզում են մինչև վերջ ճզմել լիմոնը՝ ստանալով իրենց համար նպաստավոր հյութի վերջին կաթիլները՝ Ղարաբաղի հարցում էլ ծնկի բերել, պարտադրել զիջում։ Սա կարծում եմ, որ արդեն իշխանությունների համար հասկանալի է դառնում։

Այն, որ հայ-թուրքական հարաբերությունները ենթադրում են նաև ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում առաջընթաց, չժխտեց նաև իշխող կուսակցության պատգամավորը։

-Հենց արձանագրությունների մեջ էլ քողարկված կերպով երևում են պարտադրանքի եզրերը։ Պարտադրանքն ամենից առաջ ժամանակի պարտադրանքն է։ Այո՛ ժամանակը մեզ ստիպել է ստորագրել այդպիսի արձանագրություններ, որոնք ամբողջովին չի, որ մեզ բավարարում են, և նույնիսկ եթե այնտեղ որևէ բառ չկա Ղարաբաղի վերաբերյալ, մենք բոլորս հասկանում ենք, որ աշխարհաքաղաքական խստագույն փոփոխություններ են տեղի ունենում մեր տարածաշրջանում և առանց Ղարաբաղի հարցի ներառման հնարավոր չեն որևէ բանակցություններ թուրքական կողմի հետ,- հայտարարեց Մ. Բադեյանը՝ հավելելով, որ բոլորն էլ բանական մարդ են և հասկանում են, որ Ղարաբաղի հարցը եղել է թուրքերի հետ բանակցությունների քննարկման առրկա։

-Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս՝ մենք չպետք է կենտրոնանանք արձանագրությունների վրա, որոնք, իհարկե, քննադատելի են, և ես առաջին օրվանից էլ ասել եմ, որ այդ արձանագրությունները հանճարեղ մտքի փայլատակման արդյունք չեն։ Դրանց մեջ, այո՛, մասամբ կան շատ բաներ, որ մեզ ձեռք չեն տալիս, ուղղակի փաթաթած է մեր վզին, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, թե սա մի փրկություն է Հայաստանի համար,- ասաց հանրապետական պատգամավորը՝ հավելելով, որ սրան զուգահեռ օրեցօր ակտիվանում, լկտիանում է Ադրբեջանը՝  պատերազմ հայտարարելու իր սպառնալիքներով.

-Իհարկե, չի կարելի այդ սպառնալիքներին նայել միայն հեգնանքով և ծիծաղով։ Այդ վտանգը ես բավականին մեծ եմ գնահատում, և կմեղադրեմ բոլոր նրանց, ովքեր այդքան բարեհոգություն կունենան, որ կարծեն, թե այդ պատերազմը բացառվում է։ Ո՛չ, բացառված չէ։

Մանվել Բադեյանի այս խոսքերը ՀՅԴ խմբակցության ղեկավարի մոտ հարց առաջացրեցին՝ իսկ ո՞ւր մնաց Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությունը։

-Ես կարծում եմ, որ մեր իշխանություններն ամբողջությամբ անկեղծ չեն հասարակության հետ՝ ո՛չ այստեղ, ո՛չ էլ Սփյուռքում, որովհետև եթե սա քո՛ նախաձեռնությունն էր ու քո՛ նախաձեռնության արդյունքում քո՛ վզին ինչ-որ բան փաթաթեցին, ուրեմն դո՛ւրս արի այդ նախաձեռնությունից։ Իսկ եթե այն, ինչը որ փաթաթվել է քո վզին, ի վերջո քեզ համար ընդունելի է, ուրեմն անկեղծ էլ ասա,- հակադարձեց Վ. Հովհաննիսյանը՝ ինչին ի պատասխան Մ. Բադեյանը հայտարարեց, որ ցանկացած հայ մինչև հիմա մնում է նույն կարծիքին, որ թուրքը թշնամի է և բոլոր ոլորտներում վարում է էքսպանսիոն քաղաքականություն, բայց 20 տարի սպասել ենք, ի վերջո մի օր հայ-թուրքական հարաբերությունները պե՞տք է կարգավորվեին, իսկ ժամանակը, նրա կարծիքով, գործում է մե՛ր դեմ, ինչքան շուտ ձևավորվի հայ-թուրքական հարաբերությունների մոդելը, այնքան Հայաստանի համար ձեռնտու է. Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հետաձգումը մեր հասարակությանը  կդարձնի ավելի ամորֆ, իսկ արձանագրությունների ստորագրումը դրական կարող է լինել միայն այն պատճառով, որ դրանք հասարակության կոնսոլիդացման համար խթան կհանդիասանան ժողովրդից վերջապես ազգ դառնալու խնդիրը լուծելու համար։

-Որ օր առաջ մեկնումեկը հասկանա, որ հերի՛ք է հեռուստացույցով թուրքական ռաբիզը «քոքել». թրքացնո՛ւմ է սա ժողովրդին, օր առաջ հասկանա, որ չի կարելի, որ երեխան կրթություն չստանա, սա այդ երեխային սարքում է քրդի մակարդակի, չի կարող նա մրցակցության մեջ լինել և այլն,- հայտարարեց ՀՀԿ պատգամավորը.

-Ոչ մեկի համար կասկած չկա, որ նախաձեռնող կողմը հանդիսացել է  Հայաստանի հանրապետությունը՝ ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի։ Նախաձեռնությունից հետո մտածել, որ արձանագրություններն ամբողջովին մեզ պետք է բավարարեն, ծիծաղելի կլինի, որովհետև ցանկացած պայմանգրի իմաստը կորում է։ Իհարկե, այդտեղ կլինեն կետեր, որ մեզ ձեռնտու չեն։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ մենք նախաձեռնողական քաղաքականություն չենք արել։ Ո՛չ։ Նախաձեռնությունը եղել է և մնում է մերը։

Մ. Բադեյանի խոսքերով նաև՝ հայ-թուրքական հարաբերություններում այժմ դիրքային պատերազմ է ընթանում, որտեղ յուրաքանչյուր կողմը փորձում է ամրապնդել իր նվաճումները.

-Այդ դիրքային պատերազմից ցանկացած կողմ ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ, բայց արդյոք դա մեզ պե՞տք է։ Այսօր եթե մենք մեր ուզածին չենք հասել, մեղքը մե՛րն է, արձանագրություններինը չէ, և արձանագրությունները չեն, որ վտանգ են պարունակում, այլ այն, որ գործընկերներից մեկը ուժեղ է, մյուսը թույլ։ Այս ուժեղի և թույլի հարաբերության մեջ է վտանգը, բայց ո՞վ է մեղավոր։ Ուժեղ լինեինք, ուժեղանայինք,- ասաց Մ. Բադեյանը՝ նշելով, որ իր այս խոսքերը նախևառաջ ուղղված են իշխանություններին, իսկ հետո նաև հասարակության յուրաքանչյուր անդամի, ով, օրինակ, փողոցը սխալ հատվածով է անցնում և երեխային ճիշտ չի դաստիարակում.

-Ինչքանո՞վ մենք կամրապնդենք մեր երկիրը, ինչքանո՞վ հզոր կլինենք։ Սա՛ է խնդիրը, ոչ թե ստորագրված արձանագրությունները։ Վերջին տարին, ցավոք սրտի, չի կարելի համարել մի տարի, որտեղ մեր երկիրն ավելի ուժեղացավ, քան կար, բայց նախապայմանները, որ հաջորդ տարիները կլինեն այդպիսին, գոնե այն առումով, որ խթան կհանդիսանան հայ-թուրքական արձանագրությունները, առկա են։ Խթանը ճիշտ թարգմանությունն է հունական ստիմուլ բառից, ստիմուլն էլ փայտ է, որի ծայրը սուր է և դրանով խփում էին ձիերին, որ տանեն։

-Ես չեմ տեսնում, թե ինչպե՞ս պետք է այս արձանագրությունները խթան, ստիմուլ հանդիասանան մեր հասարակության և իշխանության համար՝ կատարելու համապատասխան քայլերը,- արձագանքեց Վ. Հովհաննիսյանը,- որովհետև եթե ստիմուլն այդ փայտիկն է, որով ձիուն առաջ են քշում, մեր ձիերի կաշին հաստ է։ 20 տարի այդ ձիերը չհասկացան ի՞նչ պետք է անել, հիմա հանկարծ պետք է հասկանա՞ն։ Ես չեմ հավատում։ Իհարկե, կարող են ասել նաև, որ այդ անցման ժամանակ ձիերին չեն փոխում, բայց եթե այսպես գնաց, մենք ուրիշ ելք չենք ունենա, ուրեմն մենք պետք է փոխենք իշխանությունը, որպեսզի (անպայման նաև այսօրվա իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ) գա այնպիսի մի նոր թիմ, որը երկրում կկարողանա էլիտա ձևավորել։ Այո՛, իհարկե ամեն մեկս պետք է փողոցը ճիշտ տեղով անցնենք, երեխաներին դաստիարակենք, հեռուստատեսությունից իրենց աստղ հռչակած ապուշներին քշենք և այլն։ Բայց, ի վերջո, դա մեկը պե՞տք է սկսի։ Դրան պե՞տք է գաղափարական առաջնորդ։ Դա ազգի էլիտան է։ Հայ ժողովուրդը չի դառնում ազգ, որովհետև էլիտա չունի... այդ տեղը զբաղեցնում են շատ վտանգավոր և խորշ ուժեր։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը