Լրահոս

05.11.2016 07:42


«Հրդեհ» քաղաքի կենտրոնում (ֆոտոշարք)

«Հրդեհ» քաղաքի կենտրոնում (ֆոտոշարք)

Նոյեմբերի 4-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում ՀՀ ԱԻ նախարարությունն անցկացրեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջումը հյուրանոցներում» թեմայով:

Ըստ ուսումնավարժանքի մտահղացման` հրդեհ էր բռնկվել «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցային համալիրի «Արմենիա-2» մասնաշենքի 5-րդ հարկի սենյակներից մեկում: Հրդեհի օջախը գտնվում էր հյուրասենյակի պատուհանին մոտ հատվածում:

Հրդեհի մասին ահազանգ ստանալուց հետո` դեպքի վայր ժամանեցին հրշեջ-փրկարարներ ու անմիջապես սկսեցին բացազատման, հետախուզության, հրդեհաշիջման, տարհանման և տուժածների որոնման աշխատանքները:

Պայմանական դեպքի վայրում էին նաև շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները: Ցուցադրելով իրենց մասնագիտական hմտությունները` փրկարարներն ավտոսանդուղքի և պարանների միջոցով 5-րդ հարկի պատշգամբից դուրս բերեցին տուժածներին և մոտեցրին շտապօգնության բրիգադին:

Վարժանքը ղեկավարում էր ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Է. Սահակյանը:

ՀՀ ԱԻ նախարարությունը պարբերաբար կազմակերպում է հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ՝ նպատակ ունենալով.

• բարձրացնել հրդեհաշիջման ղեկավարների գործնական հմտությունները՝ ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատման և հրդեհաշիջմանը ներգրավված ուժերի ու միջոցների ղեկավարման ընթացքում,

• կատարելագործել ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների հերթապահ խմբերի գործնական հմտությունները

• ստուգել պատրաստվածության վիճակը՝ հասարակական շենքերում և հյուրանոցներում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ,

• ստուգել հյուրանոցի սպասարկող անձնակազմի գործողությունները և իրենց պարտականությունների կատարումը մինչև հրշեջ-փրկարարական ջոկատների ժամանումը:

Ուսումնավարժության ղեկավարը բավարար գնահատեց ուսումնավարժության ամբողջ գործընթացը` հավելելով, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս ավելի հմտանալ և բացահայտել խնդիրներն ու բացթողումները:

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրի անվտանգության պատասխանատու Ալբերտ Կարապետյանն իր հերթին նշեց.
-Ամեն տարի մեր աշխատակիցների համար կազմակերպվում են նմանատիպ ուսումնավարժանքներ, որոնք սովորեցնում են հյուրանոցի աշխատակիցներին արտակարգ իրավիճակներում ճիշտ գործել: Սա շատ կարևոր է հատկապես գիշերային հերթափոխով աշխատող անվտանգության աշխատակիցների համար: Համոզված եմ, որ նման իրավիճակներում նրանք պատրաստ են օգնել ոչ միայն իրենք իրենց, այլև` հյուրերին և մյուս աշխատակիցներին։

Այս խորագրի վերջին նյութերը