Մեկնաբանություն

10.11.2016 22:35


Իշխանությունն արդեն խաղում է հանրության «նուրբ լարերի» վրա

Իշխանությունն արդեն խաղում է հանրության «նուրբ լարերի» վրա

Պաշտպանության նախարարի կարգավիճակով Վիգեն Սարգսյանի մուտքը ՀՀ կառավարություն «նշանավորվեց» վերջինիս իդեա-ֆիքսով (թեպետ, կասկածելի է, թե դա նրա միտքն էր):

Նորանշանակ նախարարը որպես գործունեության նշանաբան ընտրեց (գրագողության թեման դեռ մի կողմ դնենք) «Ազգ-բանակ» կարգախոսը կամ գաղափարախոսությունը: Սույն «նոու-հաու»-ն բուռն քննարկման առարկա դարձավ հանրության ակտիվ շրջանակներում:

«Ազգ-բանակ» գաղափարախոսության հանրային արձագանքները տարաբնույթ էին. շատերի կարծիքով երկրի անվտանգության թիվ մեկ երաշխավորին՝ հայոց բանակին զինելն ու պահելը, մարտական գործողությունների ժամանակ զոհված և վիրավոր զինվորներին ու նրանց ընտանիքներին աջակցություն ցուցաբերելը պետության խնդիրն է, պետբյուջեի առաջնահերթությունների մեջ է մտնում: Մի մասն էլ կարծիք հայտնեց, թե «Ազգ-բանակ» գաղափարախոսության ներդրմամբ հասարակությունը ռազմականացվում է և այլն:

Այսօր արդեն պարզ է, թե ինչ նկատի ուներ ռազմական գերատեսչության ղեկավարը նման գաղափարախոսություն ներմուծելով: Վիգեն Սարգսյանը Կառավարության նիստում ներկայացրել է մի քանի օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է քաղաքացիների աշխատավարձերից ամսական 1000 դրամ պահել բանակի համար: Ավելի ճիշտ՝ հատուցման համակարգ է ստեղծվում, որում հավաքված գումարներով հնարավոր կլինի հատուցել զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին:

Իշխանությունն արդեն խաղում է հանրության «նուրբ լարերի» վրա՝ փորձելով բյուջեից լափածը լրացնել քաղաքացիների աշխատավարձերից պահած 1000-ական դրամներով: Պարզ է, որ հայրենիքի պաշտպանների համար անգամ բոմժը կամ գործազուրկը ունեցած-չունեցած 10 դրամը չի ափսոսա և կհանի կտա: Բայց սա Զինված ուժեր պահելու ձև չէ, պարոնա՛յք գռփողներ: Եկամուտների մասին բարձրաստիճան և ոչ բարձրաստիճան ցանկացած պաշտոնյայի հայտարարագիրը աչքի անցկացնելիս հայոց բանակը ծնկի է գալիս: Ամո՛թ է: Եվ դուք հիմա կլպում եք նվազագույն աշխատավարձ ստացողներին: ՀՀԿ տատիկի փորում խիղճ լիներ, կգոռար՝ «Գետինը մտնե՛ք, դուք»:

Ի՞նչ է ստացվում: Ընդամենը օրեր առաջ կարմիր կետագծերի բիզնեսից գոյացած գումարի հասցեատերը փոխեցիք՝ ասելով, թե գնալու է պետբյուջե: Դե, ուրեմն՝ կարմիր կետագծերից գոյացած հսկայական գումարներն ուղղեք բանակին: Ոչ թե՝ չոր աշխատավարձով մի կերպ գոյություն քարշ տվող մարդկանցից 1000 դրամ պահեք: Եվ ամենաապշեցուցիչն այն է, երբ Վիգեն Սարգսյանը սույն «նախաձեռնողականության» համար արդարացում էլ ունի: Ասում է, թե ապրիլյան պատերազմից հետո ստիպված եղան գնալ այս քայլին: Փաստորեն, այդ պատերազմից հետո այսպիսի «դասեր են քաղել»՝ ամեն ինչ բարդել ազգի վրա: Կլպել, կլպել մինչև վերջ:

Պակաս զարմանալի չէ և այն, որ այս «նորույթը» սկսելու է կիրառվել 2017-ի հունվարի 28-ից: Այսինքն, մինչ այդ ովքեր զոհվել կամ վիրավորվել են, նրանց վրա սա չի տարածվում (դե, Արմենչիկները կես կգ-նոց տոպրակներ են բաժանել): Այնուհանդերձ, չենք կարող չհարցնել՝ արտաքին պարտքը քառապատկած ՀՀԿ ղեկավարը հիմա ի՞նչ խղճով է 1000-ական դրամ հավաքում աշխատող քաղաքացիներից: Վաղն էլ կարող է ասել՝ եկեք աշխատավարձերից 2000 դրամ պահենք, որ 80-ականների զենքը արդիականացնենք: Երկիրն արդեն վերածվել է ոչ թե կրկեսի, այլ՝ փահլևանի, որի տակ, ինչպես հայտնի է, մի քանի ծաղրածու են պտտվում ու թամաշան դիտող ժողովրդից փող են հավաքում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը