Լրահոս

02.11.2010 14:46


Աղդամը վերանվանվել է մեկ տարի առաջ, այն էլ՝ ոչ թե Ակնա, այլ Ակն

Աղդամը վերանվանվել է մեկ տարի առաջ, այն էլ՝ ոչ թե Ակնա, այլ Ակն

«Արցախի կառավարության որոշմամբ Աղդամը վերանվանվել է Ակնա և դարձել Ասկերան քաղաքի թաղամասերից մեկը: Արցախի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ Սերգեյ Նասիբյանն ասել է, որ այդ որոշման նպատակն է կարգավորել Աղդամում ապրող բնակիչներին հողահատկացումների գործընթացը և այլ կենցաղային հարցեր»։ Այսօր առավոտյան որոշ ԶԼՄ-ներում նման տեղեկություն էր տարածվել։

Ինչպես «7օր»-ին պարզաբանել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության պետ Դավիթ Բաբայանը, դա կառավարության որոշում չէ։

-Մեկ տարի առաջ տեղական շրջանի մակարդակով որոշվել է, որ նախկին Աղդամ քաղաքում քանի որ կան բնակիչներ, որոնք ապրում են այնտեղ, սոցիալական խնդիրներ ունեն, դրանք պետք է լուծվեն։ Այդ խնդիրները լուծելու համար որոշվել է, որ այնտեղ ձևավորվի համայնք, և այդ համայնքը դառնա Ասկերան շրջկենտրոնի թաղամասերից մեկը,-ասել է նա։

Նրա խոսքերով՝ երբ մեկ տարի առաջ այդ որոշումը կայացվել է, վերլուծաբաններն ու լրատվամիջոցները այդքան էլ ուշադրություն չեն դարձրել՝ դա համարելով սովորական։ Հիմա հարցի արդականացումը, նրա կարծիքով, հատկապես Աստրախանի հանդիպումից հետո, ԵԱՀԿ փաստահավաք խմբի այցելությունից հետո, ինչ-որ ձևով փորձ է արվում կապակցել գործընթացի հետ։

Նա նաև նշել է, որ Աղդամը վերանվանվել է ոչ թե Ակնա, ինչպես ռուսերենից ԶԼՄ-ները սխալմամբ թարգմանել են, այլ Ակն։

-Սա մեր տարծքի համայնքն է, որը դարձել է Ասկերան շրջկենտրոնի համայնքներից մեկը։ Մենք դրան շատ հանգիստ ենք վերաբերվում և չենք քաղաքականացնում, որովհետև սա մեր առօրյայի մի մասն է։ Ուղղղակի ինչ-որ մարդիկ դա փորձել են փոխկապակցել ընթացիկ գործընթացի հետ։ Ես դա դրական չեմ համարում։ Մեզ մոտ սա որպես սովորական մի որոշում է, որովհետև մեզ մոտ չկա այնպիսի հասկացողություն, ինչպիսին ազատագրված տարքծներն են, բուֆերային գոտին և այլն։ Հետևաբար լինի դա Ասկերան շրջկենտրոնի Ակն թաղամասը, լինի դա Հադրութի շրջանի ինչ-որ մի գյուղի համար որոշում, սա մեզ համար վարչական, տրիվիալ խնդիրներ են,-ընդգծել է Դավիթ Բաբայանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը