Մեկնաբանություն

25.11.2016 10:55


Լափը, կոոպերատիվ Գելափը և կրճատման տակ ընկածների անխնա շահագործումը

Լափը, կոոպերատիվ Գելափը և կրճատման տակ ընկածների անխնա շահագործումը

ԱԺ ընտրությունները մոտենում են: Հանրության լայն շերտերի համար դա արմատական փոփոխությունների հասնելու հնարավորություն է, իսկ քաղաքական ուժերի համար՝ այդ հնարավորությունը կյանքի կոչելու պահ, եթե, իհարկե, գործ ունենք իրական այլընտրանք ներկայացնող ուժերի, այլ ոչ թե ֆեյքերի հետ:

Բնական է, որ ներկայիս ճահճային վիճակի պահպանմամբ շահագրգռված է միայն իշխող նեղ խումբը: Ընտրական գործընթացը նրանց համար վերարտադրվելու հնարավորություն է: Ինչքան էլ փորձեն «պուդրա» լցնել իշխող ուժի վրա և գրիմի օգնությամբ անճանաչելի դարձնել, միևնույն է, հանրությունն իր կայուն տեսակետը չի փոխելու և պայքարելու է վերարտադրության ծրագրի դեմ:

Հանրային լայն շրջանակներից ու քաղաքական ուժերից զատ՝ կան սուբյեկտներ, որոնց համար ընտրությունները գռդոնով զբաղվելու, իշխանությունների պատվերը կատարելու և ժուլիկության միջոցով փող փախցնելու հնարավորություն են, կամ ժողովրդական լեզվով ասած՝ լափ ստանալու պահ:

Օրերս կոոպերատիվ Գելափը մի «հարցում» էր անցկացրել, որի արդյունքների հրապարակումից պարզ դարձավ, որ տխրահռչակ Ահարոն Ադիբեկյանը սրանց համեմատ ազնվության և անաչառության խորհրդանիշ կարող է դառնալ:

Բանն այն է, որ կոոպերատիվնիկները տվյալներ էին հրապարակել, ըստ որոնց՝ ՀՀԿ-ն ունի ամենաբարձր վարկանիշը, իսկ «Համախմբում» կուսակցությունը՝ ամենացածրը: Ըստ ամենայնի՝ սրանք մտածել են, որ եթե սուտը մեծ լինի, ապա բոլորը դրան կհավատան:

Մեր կարծիքով ՀՀԿ-ին ամենաբարձր վարկանիշ ամրագրելուց հետո այդ «սոցիոլոգիական կանտոռան» պետք է արդեն փակել ու մի նոր բան մտածել: Ինչ վերաբերում է «Համախմբում» կուսակցությանը ցածր վարկանիշ տալուն, ապա դա ցույց է տալիս, թե ինչն ինչոց է, և ինչպիսի հոգեվիճակ է «վերևներում» ու դրանց հարակից «կռուգներում»:

Ի դեպ, այդ «հարցումից» հետո «Ժամանակ» թերթը, որի ղեկավար Արման Բաբաջանյանին հասկանալի պատճառներով Բ26-ից գցել են կրճատման տակ, ու սա հիմա տվայտանքների մեջ է, որպես ճշմարտություն է ընդունել կոոպերատիվ Գելափի տվյալներն ու շտապել է «մուտիլովկա» անել «Համախմբման» դեմ (փաստորեն, անգամ կրճատման տակ գցելուց հետո են շարունակում օգտագործել Արմանին), թե, իբր, այդ կուսակցությունն իրոք ցածր վարկանիշ ունի (ծիծաղելին այն է, որ որպես ցածր վարկանիշի ապացույց՝ ներկայացվում է ՏԻՄ ընտրությունը, և դա այն դեպքում երբ «Համախմբումը» բարձր ցուցանիշներով ավագանիներ է անցկացրել, իսկ, օրինակ, Գյումրիում ընդամենը երկու-երեք շաբաթում կարողացել է զանգվածային շարժում ստեղծել, ու միայն ընտրակեղծիքներն էին պատճառը, որ կուսակցությունը չմտավ ավագանու կազմ՝ պաշտոնապես հավաքելով 5,85 տոկոս): Հին ու բարի ժամանակների պես «Ժամանակ» թերթի այդ «մուտիլովկան», մեկ կենտրոնից իջեցված հրահանգով, տարածեցին բոլոր «ազատ», «անկախ» և «թունդ ընդդիմադիր» կայքերը:

Մի խոսքով, ընտրությունները մոտենում են:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը