Կարծիք

28.11.2016 12:44


ՏՏ ոլորտի անվանումով նախարարություն ունենալը բավարար չէ

ՏՏ ոլորտի անվանումով նախարարություն ունենալը բավարար չէ

Վերջերս շատ է խոսվում բարձր տեխնոլոգիաների՝ ՏՏ ոլորտի զարգացման մասին. ասում են, թե Հայաստանն այդ առումով բարձր ներուժ ունի։ Բայց գիտե՞ք՝ ինչ, միայն մեծ ներուժով հեռու չես գնա։ Այդ ներուժը պետք է ռեալիզացնել, և այստեղ է, որ դեռ շատ անելիքներ կան։ Իհարկե, մենք Հայաստանում ունենք մի շարք ուսումնական կենտրոններ, ունենք նաև լավ մասնագետներ, որոնցից շատերը չունեն համապատասխան գործիքներ։
Ես էլ այդ ոլորտում ունեմ ընկերներ, ծանոթներ, որոնք մի շատ լուրջ խնդրի առաջ են կանգնած․ Հայաստանում չկա համապատասխան տեխնիկա, կամ դրա գինը չափազանց՝ երբեմն կրկնակի թանկ է, քան հարևան երկրներում։ Անձամբ ես վերջերս ընկերոջս համար մի համակարգիչ էի բերել Ռուսաստանից, որը Հայաստանում հավաքելը կրկնակի թանկ կարժենար։ Այդ տեխնիկան, թեև համեմատաբար թանկ է, սակայն անձնական օգտագործման կամ աշխատանքի համար է, և մաքսազերծման նման աստղաբաշխական գներն ուղղակի անընդունելի են։

Եթե մենք իրոք այդ ոլորտը համարում ենք տնտեսության զարգացման գերակայություններից մեկը, ապա այդ ոլորտի անվանումով նախարարություն ունենալը բավարար չէ, գործնական քայլեր են պետք։ Լավ, այդ մասնագետներն այդքան շատ չեն, այդ համակարգիչների ու տեխնիկայի մաքսազերծման գումարն էլ պետության համար մի մեծ բան չէ․․․Թե՞ հասել ենք այն օրվան, որ պետությունն այդ գումարով պետք է գոյատևի։ Հուսով եմ, որ ոչ։
Պետությունն այստեղ շատ մեծ անելիք ունի, այսինքն՝ երևի մեր պետության համար է այս անելիքը «մեծ»։ Իսկ իրականում շատ պարզ քայլեր են, որոնք թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ արդյունք կարող են ունենալ։

Հ․Գ․ Եվ սա վերաբերում է նաև այլ ոլորտներին։ Էն, որ ասում են՝ եթե մարդուն ուզում ես օգնել, ձուկ տալու տեղը ձուկ բռնել սովորեցրու։ Ուրեմն, միայն սովորեցնելը բավարար չէ. պետք է նաև համապատասխան գործիք տալ։ Եվ ընդհանրապես, տնտեսական ակտիվության խթանման համար կա երկու ճանապարհ՝ կա՛մ ավելացնել մարդկանց ֆինանսական կարողությունը, ինչի հնարավորությունն այսօր պետությունը չունի, կա՛մ ապրանքները դարձնել հնարավորինս մատչելի։ Իսկ մենք այսօր ամենուրեք հանդիպում ենք պետության կողմից ստեղծված արհեստական խոչընդոտների։ Դրա համար էլ վատ մեքենաներ ենք վարում, վատ հասարակական տրանսպորտից օգտվում, քայլում աշնանային թափված տերևների մեջ թաղված մայթերով, և այսպես շարունակ։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը