Լրահոս

01.12.2016 16:10


ԼՂՀ ԱՆ. Արցախում գրանցվել են ՄԻԱՎ վարակի դեպքեր

ԼՂՀ ԱՆ. Արցախում գրանցվել են ՄԻԱՎ վարակի դեպքեր

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ ամեն տարի դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 2000 թվականից: ՄԻԱՎ վարակի գրանցված բոլոր դեպքերի կեսից ավելին արձանագրվել է վերջին 5 տարիների ընթացքում:

ՄԻԱՎ վարակի դեպքերի թվի աճը պայմանավորված է լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնման հետ: Լաբորատոր հետազոտությունը ՄԻԱՎ-ի հայտնաբերման նկատմամբ իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության «Համաճարակաբանության և Հիգիենայի Կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ պետական պատվերի շրջանակներում:

Վերջնական ախտորոշումը կատարվում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում: 2016 թվականին գրանցվել է ՄԻԱՎ-ի 12 նոր դեպք: 2000թ. մինչև 2016թ. նոյեմբերի 30-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 67 դեպք: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 38 մարդ (56,7%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 26 դեպք (38,8%): ՄԻԱՎ վարակի 3 դեպք (4,5%) է արձանագրվել երեխաների մոտ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (82,1%), թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (13,4%), մորից երեխա ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքերը (4,5%): 2000 թվականից մինչև 2016 թվականը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մահացել են ՄԻԱՎ վարակակիր 8 մարդ: ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչների շրջանում՝ 34 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 59,6%-ը Մարտակերտի շրջան՝ 6, Մարտունու շրջան՝ 10, Ասկերանի շրջան՝ 4, Շուշիի շրջան՝ 6, Հադրութի շրջան 7 դեպքերով:

Բոլոր հայտնաբերված վարակակիրները ուղեգրվում են ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն բուժում ստանալու նպատակով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ձեռնարկվում են միջոցներ ՄԻԱՎ վարակակիրների բուժօգնությունը տեղում կազմակերպելու ուղղությամբ: ՄԻԱՎ վարակի կանխարգելման հիմնական ուղղություններն են՝

1.Բարոյական դաստիարակություն աճող սերնդի նկատմամբ

2.Առաջին սեռական հարաբերության հետաձգում

3.Պատահական սեռական կապերի ժամանակ պահպանակի օգտագործում

4.Ներարկային ճանապարհով թմրամիջոցների օգտագործումից խուսափում

5. Առողջապահության համակարգի հաստատություններում ՄԻԱՎ–ի փոխանցման բացառում:

Այս խորագրի վերջին նյութերը