Մեկնաբանություն

09.12.2016 10:20


Օդից փող ստանալու մեթոդ

Օդից փող ստանալու մեթոդ

Այսօր նամակ ստացա, ու ինձ թվաց՝ Ձմեռ պապիկից է: Թաքուն ուրախացա, մտածեցի՝ ինչ լավ է, Ձմեռ պապիկի աջակցությամբ գազի, հոսանքի, մնացած կոմունալ վարձերը կկարողանամ մուծել: Ծրարը բացեցի ու ի՞նչ տեսնեմ: Համատիրությունը ծանր ու մեծ նամակ է գրել՝ սպառնալով ինձ դատի տալ:

«Հարգելի՛ բնակիչ, Ձեր բնակարանի պարտադիր վճարների գումարը մինչև 31.12.2016թ. կազմում է՝ 42160 դրամ: Տրված օրվանից 1 ամսվա ընթացքում չվճարելու դեպքում գործը կներկայացվի դատարան առանց զգուշացման»: Նշել է օրենքներ, հոդվածներ, կետեր ու ենթակետեր:

Ա՛յ քեզ բա՜ն: Լա՛վ, վերջապես ո՞վ է լուծելու այս պորտաբույծ կառույցների խնդիրը, որտեղ նստած միայն սուրճ են խմում և փող են հավաքում: Արդեն քանի տարի «Կոտոշների ու կճղակների» գրասենյակի նախագահին բացատրում եմ, որ մեր բազմաբնակարան շենքի բոլոր բնակարանները, այդ թվում՝ մերը, սեփականաշնորհված են: Տարիներ շարունակ հարցնում եմ՝ ի՞նչ է արել համատիրությունը մեր շենքի համար. տանիքները չի վերանորոգել, անգամ մի ջրհորդան չի տեղադրել, որ անձրևաջրերը չլցվեն բնակարանները, մուտքերը գոմ են հիշեցնում, աստիճաններն արդեն կարող են համարվել «պատմամշակութային արժեքներ», քանի որ ջարդուխուրդ են եղել ու հիշեցնում են 7-րդ դարի վանքերի ծուռումուռ, կոտրտված սանդուղքները:

Ոչի՛նչ չեն անում, բայց «պարտադիր վճար» են սահմանել: Միայն մի անգամ՝ մի քանի տարի առաջ՝ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում, ՀՀԿ-ականները եկան ու որպես ընտրակաշառք՝ շենքի՝ ավերակ դարձած երկու մուտքերի դռները փոխեցին, երկաթյա մի ինչ-որ անորակ բան տեղադրեցին, և վերջ:

Ի՞նչ է ստացվում: Բնակարանդ սեփականաշնորհված է, բայց դու պարտադրված ես ամեն ամիս գումար վճարել: Ինչի՞ համար, երբ այդ վճարների դիմաց բացարձակապես ոչ մի աշխատանք չեն կատարում համատիրությունները: Եթե վճարում ենք, ապա դրա դիմաց համատիրությունները պետք է կոնկրետ ծառայություններ մատուցեն, ինչը չի արվում: Համայնքային բյուջեն լցվում է չկատարած աշխատանքի շնորհիվ: Լրիվ օդից փող ստանալու մեթոդ է: Չես անում ոչինչ ու կլպում ես սեփականաշնորհված բնակարանի տերերին: Իսկ եթե վերջիններս չեն վճարում չկատարած ծառայության դիմաց, քարշ են տալիս դատարան:

Ո՞վ է վերջապես վերահսկելու համատիրությունների բառադի գործունեությունը: Թե՞ այս երկրում օրենքները գրվում են միայն ժողովրդին քերթելու համար: Այն ժողովրդին, որն արդեն վարձերից ու վարկերից, հարկերից ու տուրքերից չգիտի՝ գլուխն առնի ուր փախչի:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը