Մեկնաբանություն

16.12.2016 09:35


Աղքատության և թշվառության ցուցիչը

Աղքատության և թշվառության ցուցիչը

Տարադրամի փոխանակման կետերի վրա հարձակումները (անգամ մարդասպանության վերջաբանով), բնակարաններից գողության դեպքերը, գրպանահատության տարատեսակ գործողությունները և նմանատիպ հանցանք-զանցանքները վերջին շրջանում զգալի տեղ են գրավում ոստիկանական լրահոսում: Սա ազգաբնակչության աղքատության և թշվառության ցուցիչ է: Ընչազուրկների բանակն ավելանում է, որն ապրելու համար պատրաստ է անգամ դիմացինի «փորը թափել», դիմել ցանկացած քայլի, միայն թե կարողանա օրը լուսացնել: Սարսափելի իրականություն է:

Պոլիկլինիկայից վերադառնալիս փողոցում ամուսնուս է մոտենում մի տղամարդ և սիգարետ է խնդրում: Նա կիսադատարկ տուփը տալիս է խնդրող մարդուն, վերջինս գոտեպնդվում է ու նաև 100 դրամ է խնդրում: Ահավոր բան է: Ծխելիք չունի, ոչ էլ՝ տուն հասնելու փող:

Ավելի ուշ անսպասելի «հյուրը» թակում է մեր դուռը: Բացում եմ ու տեսնում անծանոթի: Քրջերի մեջ կորած, տարիքն առած կինն աղերսանքով խնդրում է. «Մի քիչ եռացած ջուր չե՞ս տա...կիպիտոկ, էլի...լցնեմ «թերմոսիս» մեջ, տանեմ չայ խմեմ, սառել եմ, տիկի՛ն ջան»:

Ներս եմ հրավիրում, մինչև թեյնիկը կեռա: Կինը ներս չի գալիս, կտրուկ հրաժարվում է ներս մտնել, ասում է, որ աստիճանահարթակին կսպասի, մինչև ջուրը կեռա: Թեյնիկը եռացնում, բերում լցնում եմ ինչ-որ «բանկայի» մեջ (ի՞նչ «թերմոս», ի՞նչ բան): Կինն ուրախությունից չի կարողանում շնորհակալություն հայտնել, մի կերպ՝ կիսահայերեն-կիսառուսերենով բացատրում է, որ բոլոր հարկերում դռները թակել է, բայց ոչ ոք դուռը չի բացել: Տեսնում եմ՝ մարդը հայտնվել է կյանքի հատակում, աղբարկղներից ինչ-որ բաներ է ջոկել-հանել, լցրել է իր մեծ ճղճղված «ցելոֆանի» մեջ ու «աշխատանքից» հոգնած՝ ուզում է տուն հասնել: Բայց սառել է ու մի բաժակ թեյ է ուզում: Նորից եմ խնդրում, որ ներս գա, բայց նա կրկին մերժում է: Պարզ է, եռման ջուր է խմելու: Վազում եմ ու մի տուփ թեյ, խմորեղեն ու շոկոլադ եմ բերում ու տալիս նրան, որ միայն եռման ջուր չխմի: Խեղճը երջանկությունից համարյա վազելով աստիճաններից իջնում է ցած:

Հետո ծանոթանում եմ լրահոսին ու տեղեկանում, որ ԱԺ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների կազմակերպման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվելու է մոտ 58 միլիոն դրամ՝ թանկարժեք համակարգիչներ, հոսանքի լարեր, անխափան սնուցման սարքեր ձեռք բերելու համար: Անպատկառությունը ո՞ւր կարող է հասել: Ժողովրդին սարքել են բոմժ, հասցրել են այն վիճակին, որ ստիպված դիմում է հանցավոր քայլի, որպեսզի կարողանա մի կերպ գոյությունը քարշ տալ, իսկ իրենք տասնյակ միլիոններ են վատնում ընտրությունների կազմակերպման վրա: Ցանկացած գերատեսչությունում ավելորդ համակարգիչները թափված են, ամենաստորին օղակներում՝ նույնպես: Դրանք օգտագործեք մեկօրյա քվեարկության համար: Ոչ թե հերթական անգամ մսխեք բյուջեն, որից քոռ լումա չի տեսնում չքավոր զանգվածը:

Հետո էլ իշխանությունը բարբառում է խնայողության ռեժիմի, գոտիները ձգելու մասին: Փուչ խոսքեր: Ստախոսություն ու փարիսեցիություն: 58 միլիոնով կարելի էր ծայրահեղ աղքատության ճիրաններից փրկել մարդկանց գոնե մի մասին: Բայց ո՛չ: Ինչո՞ւ պետք է իշխանությունը դա անի: Ժողովուրդը թող շարունակի մնալ ահավոր կարիքի մեջ, որ վազելով գնա 5 հազար դրամը վերցնի ու «քվեարկի» իշխող ուժի օգտին: Սա՛ է ՀՀԿ-ի միակ ծրագիրը, որն իրականացնում է միչ օրս: Այս մի ծրագիրն ունեն, որը երբե՛ք թղթի վրա չի մնացել: Սա ոչ թե արդեն տնտեսությունը, այլ երկիրը փլուզելու ծրագիր է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը