Հարցազրույց

19.12.2016 19:35


Ստեփան Դանիելյան. «Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին օժանդակություն է խոստանում խորհրդարան մտնելու դիմաց»

Ստեփան Դանիելյան. «Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին օժանդակություն է խոստանում խորհրդարան մտնելու դիմաց»

Հարցազրույց քաղաքագետ, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանի հետ.

–Պրն Դանիելյան, ձեր կարծիքով ո՞ւմ էին ուղղված Լևոն Տեր-Պետրոսյանի «մեսիջները»։

–Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանին էին ուղղված: Հայաստանի կուսակցությունների մեծ մասի համար, որոնք ցանկանում են մասնակցել խորհրդարանական՝ առաջիկա 5 տարվա միակ համապետական ընտրություններին, բախտ բաժանողը Սերժ Սարգսյանն է: Կարիք չկա կրկնելու ընտրությունների օրինականության մասին եղած հանրային կարծիքը: Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին օժանդակություն է խոստանում խորհրդարան մտնելու դիմաց:

–Շատերը նկատեցին, որ Լևոնի Տեր–Պետրոսյանի ձևակերպումները և Բաքվի խաղաղության պլատֆորմը նույն հռետորաբանությունն ունեն: Սա պատահականությո՞ւն է, թե՞ կոնկրետ գործընթաց։

–Եթե պատահակություն է, ապա Տեր-Պետրոսյանը սկսնակ և միամիտ քաղաքական գործիչ չէ: Իրականում Սերժ Սարգսյանը տապալել է պետությունը` տնտեսությունը, բանակի շինարարությունը, և եկել է հատուցման ժամը՝ իշխանությունը պահպանելու համար պետք է զիջումների գնա: Հակառակ դեպքում ստիպված է լինելու պետությունը տապալելու համար պատասխանատվության ենթարկվել: Եվ այս պայմաններում Տեր-Պետրոսյանն իր համար բացված պատուհան է տեսել խորհրդարան սողոսկելու համար: Այլ տարբերակ նա չունի: Իսկ Բաքվի այդ «խաղաղության պլատֆորմը» շատ հարմար գաղափարական արդարացում է Սերժ Սարգսյանի հետ դաշինք կնքելու համար, ինչին Դաշնակցությունը մեծ խանդով է վերաբերվում:

–Սերժ Սարգսյանն, ըստ ձեզ, կգնահատի՞ Լևոնի Տեր–Պետրոսյանի ջանքերն ու պատրաստակամությունը:

–Կարող է գնահատել, կարող է և չգնահատել. դա կախված է հանգամանքներից: Մինչև ընտրություններ Արցախի շուրջ ընթացող զարգացումներն ակտիվացել են, և Սերժ Սարգսյանն աջակցության կարիք ունի հենց այս պահին, և պատահական չէր, որ Արցախում նա բարձրաձայնեց և՛ բանակի, և՛ ժողովրդի համար սպասվող ծանր ժամանակների մասին: Այս «մեսիջներն» ուղղված էին դրսի խաղացողներին: Այս առումով Տեր-Պետրոսյանը նրա համար անգնահատելի խաղընկեր կարող է դառնալ: Կարծում եմ, որ ժամանակը սուղ է նրա համար:

Հարցազրույցը վարեց Նելլի Ավագյանը

Այս խորագրի վերջին նյութերը