Կարծիք

24.12.2016 13:27


Ով է լինելու Սեյրան Օհանյանի հասարակական հենարանը

Ով է լինելու Սեյրան Օհանյանի հասարակական հենարանը

Սեյրան Օհանյանի հայտարարությունը՝ ակտիվ քաղաքականություն մտնելու վերաբերյալ, մեծ իրարանցում է առաջացրել իշխանական շրջանակներում. Բաղրամյան 26-ից սնվող լրատվամիջոցներն ու ոչ բարով «վերլուծաբանները» տարբեր վարկածներ են առաջ քաշում, թե ում կողմից է, իբր, ուղղորդվում պաշտպանության նախկին նախարարը, և ում հետ է միավորվելու ընտրություններին մասնակցելու համար։ Համոզված եմ, որ նույն այդ մարդիկ նույնատիպ վարկածներ առաջ կքաշեին ցանկացած մարդու մասին, ով նման հայտարարություն կաներ։

Եվ քանի որ ռացիոնալ մարդ եմ ինձ համարում, չեմ ուզում ոչ անդրադառնալ այդ վարկածներին, ոչ էլ սեփականն առաջ քաշել։ Պարզ է, որ Սեյրան Օհանյանը բավականաչափ հեղինակություն ունի՝ ոչ մեկի կողմից չուղղորդվելու համար։ Պարզ է նաև, որ շուտով ինքն անձամբ կհայտարարի, թե ում հետ է գնալու ընտրություններին․ դա, ի վերջո, մարտավարական որոշում է, որը բազմաթիվ գործոններից է կախված. կապրենք, կտեսնենք։

Սակայն մեկ այլ հարց արժե, որ վերլուծենք։ Ցանկացած քաղաքական ուժի և գործչի գլխավոր հենարանը պետք է լինի հասարակությունը. դա է քաղաքական հաջողության հասնելու կարևորագույն գործոնը։ Իշխանության միակ հենարանը պետական ապարատն է, ադմինիստրատիվ ռեսուրսները՝ ուժային կառույցներով։ Ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունը հասարակական հենարան չունի։ Պարզ է նաև, որ իշխանական տիրույթից դուրս գտնվող քաղաքական գործիչների համար այդ պետական ադմինիստրատիվ ռեսուրսը փակ է։ Եվ այստեղ է, որ Սեյրան Օհանյանի պես գործիչները կարող են փոփոխություն մտցնել։

Պաշտպանության նախկին նախարարը դրական է ընկալվում թե՛ հասարակության լայն շերտերի, և թե՛ իշխանական տիրույթում գտնվող, սակայն փոփոխություններ ակնկալող շատ մարդկանց կողմից։ Եվ այդպիսի ռացիոնալ մարդիկ, որոնք մի կողմից փոփոխություն են ակնկալում, գիտակցում են, որ այլևս այսպես կառավարել հնարավոր չէ, մյուս կողմից էլ չեն ցանկանում երկիրը ցնցումների ենթարկել, շատ-շատ են թե՛ իշխանական և թե՛ հասարակության մեջ։ Այստեղ է, որ Սեյրան Օհանյանը կարող է լայն հասարակական կոնսոլիդացիայի խթան դառնալ և միավորել ակամայից տարբեր ճամբարներում հայտնված մարդկանց։

Քաղաքական իրական փոփոխությունն է, որ պետք է միավորի հասարակությանը։ Իսկ փոփոխության կարիք ունենք բոլորս՝ հայտնի բացառությամբ, իհարկե։ Սա է թերևս պատճառը, որ իշխանությունները վտանգ են զգում Սեյրան Օհանյանից, և մի մեծ ապատեղեկատվական արշավ են ծավալել իր դեմ։

Սեյրան Օհանյանը նաև բավականաչափ հեղինակություն ունի, որպեսզի կարողանա կանխել ուժի կիրառումը ժողովրդի դեմ՝ զրկելով իշխանությանն իր գլխավոր հենարանից։ Մեր հասարակության մեջ քիչ չեն մարդիկ, որոնք, ունենալով դրական փոփոխությունների ակնկալիք, չեն ցանկանում նետվել պայքարի, որը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ, իսկ Սեյրան Օհանյանը կարող է առաջարկել պայքարի նոր ձևաչափ, որն առավել ընդունելի կլինի հասարակության այդ շերտի համար։ Ինչպես արդեն ասացի, այն ընդունելի է նաև իշխանական տիրույթում գտնվող շատ մարդկանց համար, և Օհանյանը նրանց ճանապարհ ցույց տվեց, որին շատերը կարող են հետևել։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը