Կարծիք

25.12.2016 22:05


Երկու շաբաթ առաջ պնդուկը 5 հազար էր, հիմա ո՞նց դարձավ 7 հազար

Երկու շաբաթ առաջ պնդուկը 5 հազար էր, հիմա ո՞նց դարձավ 7 հազար

Ամուսինս երկու օր առաջ սկսեց վեպ գրել: Մեկ օրում վեպը ավարտեց: Այնքան փայլուն գործ ստացվեց, որ գնում-գալիս՝ կարդում էի ու չէի կշտանում: Իսկական գեղարվեստական արժեք է: Համարյա անգիր արեցի ու նրան խնդրեցի, որ հաջորդ տարի իր այդ գլուխգործոցն անպայման ներկայացնի Նոբելյան մրցանակի: Գոտեպնդեցի՝ ասելով, որ ինքը կշահի մրցանակը՝ վառ երևակայության, ապշեցուցիչ, անկանխատեսելի յուրաքանչյուր տողի համար:
Նոր տարվա այդպիսի ցուցակ դեռ ոչ ոքի չի հաջողվել գրել։
Ինչևէ:
Այսօր առավոտյան ես հագա ամուսնուս «զապաս բատինկաները», որոնք շատ հին են, բայց չեն սղում, ինքն էլ հագավ «ամառային պագրիշկա-բատինկաները» ու միասին հերոսական կեցվածքով մտանք սուպերմարկետ, որպեսզի այդ Նոբելյան մրցանակի հավակնորդ գեղարվեստական ցուցակի գոնե մի փոքր մասը գնենք:
Մարկետում քիչ էր մնում՝ ուշաթափվեի...գներից: Անգամ «բատինկաներս» սկսեցին սղալ:
Երկու շաբաթ առաջ պնդուկն արժեր 5 հազար դրամ, այսօր արդեն 7 հազար էր: Ցուցակի բոլոր կետերի դիմաց ամուսնուս նշած երևակայական գները քառակի անգամ ավելացել էին:
-Ախր, երկու շաբաթ առաջ պնդուկը 5 հազար էր, հիմա ո՞նց դարձավ 7 հազար,- սարսափահար ու մի քիչ էլ կանաչած դեմքով հարցրի վաճառողուհիներից մեկին:
Նա արհամարհանքով ոտքից գլուխ ինձ չափեց, հայացքով ոչնչացրեց ու այդպես էլ չտապասխանեց հարցիս: Նրա մտքում կարդացի իմ հանդեպ վերաբերմունքը, թե՝ «էս բոմժն ո՞վ ա, որ մի հատ էլ պնդուկի գին ա հարցնում»:
Մի խոսքով, «բատինկաներս» քարշ տալով՝ դատարկ եկանք տուն, ու ամուսինս սրտի մեծ կսկիծով պատռեց ու վառեց իր ստեղծագործությունը:
Հիմա նորն է գրում...Ես էլ մխիթարում եմ, ասում եմ՝ ոչինչ, Տոլստոյն էլ է իր հզոր վեպը պատռել ու նորից է գրել...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը