Մեկնաբանություն

27.12.2016 00:55


Հայաստանին չեն հարգում

Հայաստանին չեն հարգում

Ավելորդ անգամ ապացուցվեց, որ միջազգային քաղաքական ասպարեզում, ռազմաքաղաքական կառույցներում Հայաստանին չեն հարգում: Եվ մեր երկրի հետ կարող են վարվել այնպես, ինչպես կամենան: Մեզ համարում են «հետընկած» երկիր: Եվ այս ամենի համար պետք է «արժանին հատուցել» Հայաստանի իշխանություններին, որի վարած ներքին և արտաքին քաղաքականության պատճառով այսօր Հայաստանի հանդեպ բացահայտ քամահրական վերաբերմունք է դրսևորվում:

Հետաքրքիր է՝ ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը մեկնել Սանկտ Պետերբուրգ, երբ այնտեղ տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նստաշրջանում կրկին որոշվեց հետաձգել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: Այսինքն՝ այս պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչը չհաստատվեց: Իսկ Հայաստանը չստանձնեց ՀԱՊԿ քարտուղարությունն այն պատճառով, որ նստաշրջանին չէր մասնակցում Բելառուսի նախագահը:

«Պայմանավորվել ենք, որ ապրիլին տեղի կունենա հավաքական անվտանգության հերթական նիստը, որտեղ ամբողջապես կդիտարկվի գլխավոր քարտուղարի հարցը: Այսօր հարցը չի դիտարկվել, քանի որ քվորում չկար: Դուք գիտեք, որ կազմակերպության անդամ երկրներից մեկի պատվիրակությունն այս աշխատանքային հանդիպումներին չէր մասնակցում»,-ասել է ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Այս անգամ էլ, փաստորեն, Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության պատճառով Հայաստանի ներկայացուցիչը գլխավոր քարտուղարի պաշտոնում չի հաստատվել: Ինչ-որ շատ չե՞ն բացակայությունները այս նշանակումը խափանելու համար կամ նպատակով:

Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ Երևան չժամանեց և ՀԱՊԿ գագաթաժողովին չմասնակցեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Այն Նազարբաևը, որը 2014-ին Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ կարդում էր Ալիևի նամակը (որում պահանջ էր դրվում, որ Եվրասիական միությանը Հայաստանը պետք է միանա առանց Ղարաբաղի), իսկ Սերժ Սարգսյանը լուռ լսում էր և այդպես էլ ոչ մի բառով չարձագանքեց:

Հիմա էլ Լուկաշենկոն է «թռել», որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը «ջրվի»: Բայց հետաքրքիր է, որ Հայաստանի ներկայացուցչի նշանակման հարցը որոշել են լուծել ապրիլ ամսին: Հավանաբար, ՀՀ ԱԺ ընտրություններից հետո, որպեսզի տեսնեն, թե ինչ արդյունքներ են արձանագրվելու: Ամեն դեպքում այս տապալումն էլ խայտառակություն է Հայաստանի իշխանությունների համար, որի «քթից բռնած» ման են տալիս ՀԱՊԿ անդամ պետությունները: Դե, եթե տեսնում են, թե ինչպես է Սերժ Սարգսյանը քնում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, ապա ինչպես կամենում, այնպես էլ վարվում են մեր պետության հետ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը