Կարծիք

29.12.2016 13:00


Հույսը միայն բազկի ուժի վրա դնելն այնքան էլ խելամիտ չէ

Հույսը միայն բազկի ուժի վրա դնելն այնքան էլ խելամիտ չէ

Այս գիշեր Ադրբեջանը կրկին դիմել է դիվերսիոն գործողությունների Հայաստանի Հանրապետության դեմ, ինչի հետևանքով ունեցել ենք 3 զոհ։ Շատ կարևոր է հասկանալ, որ այսպիսի դիվերսիաները տարբերվում են Ղարաբաղում կատարվող սանձարձակ գործողություններից։ Իհարկե, հայի արյունը հայի արյուն է, և Ղարաբաղում նույնպես մեր հայրենակիցներն են, և մեր համար տարբերություն չկա, թե որտեղ են մեր զինվորների վրա հարձակվել։ Բայց Տավուշի մարզի վրա հերթական հարձակումն այլ հարթության վրա է պետք դիտարկել՝ դիվանագիտական։

Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ անդամ է, ռազմաքաղաքական միավորում, համաձայն որի կանոնադրության՝ կազմակերպության ցանկացած անդամ երկրի վրա հարձակումը դիտարկվում է ողջ ալյանսի վրա հարձակում, և պետք է բերի պատասխան գործողությունների։ Սակայն այս միավորման ներսում առկա տարաձայնությունների պատճառով այդ «պատասխան գործողությունները» սահմանափակվում են գլխավոր քարտուղարի անատամ հայտարարությունով։ Աշնանը կառույցի ղեկավարությունը պետք է ստանձներ Հայաստանի Հանրապետությունը, սակայն Բելառուսն ու Ղազախստանը, անտեսելով կանոնադրությունը, հետաձգել են նոր գլխավոր քարտուղարի նշանակումը։
Եվ Ռուսաստանը՝ որպես կառույցի առանցքային պետություն, ոչինչ չի կարողացել հակադարձել դրան։ Եվ հիմա էլ Ադրբեջանը հերթական ապտակն է հասցնում Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը՝ հարձակվելով այդ երկրի դաշնակցի, այդ երկրի կողմից ստեղծված ռազմաքաղաքական կառույցի անդամի վրա։

Թող թյուր կարծիք չստեղծվի, թե սա գրում եմ, քանի որ մեզ անհրաժեշտ է Ռուսաստանի օգնությունը։ Մենք պետք է գիտակցենք, որ այս պատերազմում մենք միայնակ ենք Ադրբեջանի դեմ, և մեր ուժերը բավարար են այդ ահաբեկչական երկիրը սթափեցնելու համար։

Սակայն այս հակամարտությունն ընթանում է նաև դիվանագիտական հարթության վրա, և այստեղ է, որ Հայաստանը պետք է ակտիվացնի իր գործողությունները։ Իհարկե, կարող ենք ձևացնել, որ ոչինչ չի եղել, ինչպես արել ենք մինչ այժմ, բայց դա ելք չէ։ Թուրքիան և Ադրբեջանը վերջին մեկ ամսվա ընթացքում երկու լուրջ ապտակ հասցրեցին Ռուսաստանին, և պետք է, որ մենք մատնացույց անենք դա, իսկ Հայաստանի Հանրապետության դեմ այս ագրեսիան միջազգային օրակարգի հարց դարձնենք՝ պահանջելով, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառվեն։

Իրոք որ, հզոր բանակ ունենալը լավ բան է, բայց հույսը միայն բազկի ուժի վրա դնելն այնքան էլ խելամիտ չէ։ Մենք պետք է օգտագործենք մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները մեր շահերը պաշտպանելու համար և դրանք սպառելուց հետո միայն թողնենք, որ խոսեն մեր զենքերը։ Իհարկե, սա չի նշանակում, որ այս գործողությունը պետք է անպատիժ մնա։ Բայց պատժելով հակառակորդին՝ պետք է միջազգային հանրությանը ներկայացնենք, թե ինչի համար ենք պատժում, որ կրկին երկկողմանի անատամ հայտարարություններ չհնչեն։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը