Մեկնաբանություն

31.12.2016 00:35


Ինչու են նյարդայնանում տոկոս «խփողները»

Ինչու են նյարդայնանում տոկոս «խփողները»

Արդեն որերորդ անգամ իշխող ուժն Էդուարդ Շարմազանովի բերանով մոտավորապես այսպիսի միտք է արտահայտում. «Մեզ կոնտրոլյորներ պետք չեն. մեզ ժողովրդավարական գործընթացներին օժանդակողներ են պետք: Եթե այդքան շատ են ուզում, որ Արցախը միջազգայնորեն ճանաչվի, թող գնան Արցախ ու այնտեղ դիտարկեն սահմանադրական հանրաքվեն, որ աշխարհը տեսնի, թե որքան ժողովրդավարական է Արցախը»:

Նկատի ունի Սերժ Թանկյանին, Ատոմ Էգոյանին, Արսինե Խանջյանին և նրանց կողմից նախաձեռնած «Արդարություն Հայաստանում» արշավին միացած մարդկանց, որոնք մտադիր են 2017-ի ապրիլին գալ Հայաստան՝ դիտարկելու ընտրական գործընթացը:

Այն, որ Ծռերի գործողությանը հաջորդած օրերին բռիաբար, քաշքշելով կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին բերման ենթարկեցին, այդպիսի «ժողովրդավարությունը» սփյուռքահայ հայտնի դեմքերն արդեն տեսել են: Հարցը դա չէ: Այլ այն, թե որքան են իշխանությանը նյարդայնացնում ԱԺ ընտրությունները դիտարկելու համար նախաձեռնված «Արդարություն Հայաստանում» արշավի մասնակիցների մտադրությունն ու ցանկությունը: Դրա համար էլ արշավի կազմակերպիչներին ու մասնակիցներին «բրախում» են Արցախ: Կարծես արցախցիներն էլ երջանիկ են, որ Սահմանադրություն է փոխվում, ու հանրաքվեն էլ հարյուրտոկոսանոց դրական արդյունք է արձանագրելու:

Այդ մարդիկ կոնկրետ անվանում են ընտրել՝ «Արդարություն Հայաստանում»: Ոչ թե Արցախում (ոնց որ նրանք Արցախի տեղը չգիտեն):

Սփյուռքահայ հայտնի արվեստագետներին, տարբեր մասնագիտության տեր մարդկանց, նաև Հայաստանում արշավին միացածներին առավելապես մտահոգում է հայաստանյան ընտրական գործընթացը և ցանկանում են տեղում հետևել-դիտարկել, թե ինչ է կատարվում, ինչպես է իրականացվում քվեարկությունը: Բայց դե, տոկոս խփելու մեջ վարպետացած իշխող ուժը նրանց այլ հասցե է ցույց տալիս՝ մուննաթ գալով, թե էս ովքեր են, որ պետք է գան ու մեր գլխին «կոնտրոլյորություն» անեն:

Իշխանության համար «նարոդնի կանտրոլը» միայն ինքն է: Ուրիշ ոչ ոք չպետք է հանդգնի վերահսկել:

Պակաս զարմանալի չէ Շարմազանովի՝ Թանկյանին, Էգոյանին, Խանջյանին և մյուսներին Արցախ «գործուղելու» առաջարկը: Իբր, գնացեք, որ աշխարհն էլ ճանաչի Արցախը (դե, իրենցից որքան հեռու լինեն, այնքան լավ. շառ ու փորձանքից հեռու մնան):

Է՛հ, միլիոններ ծախսեցիք Քիմ Քարդաշյանին Հայաստան բերելու համար: Ուղիղ տանեիք Արցախ: Թե՞ այն ժամանակ ՀՀ-ում ընտրություններ չկային, ու Քիմին էլ միայն հայաստանցիները պետք է «վայելեին»: Բա էդ աղջիկը եկել-հասել էր այստեղ, նրան առաջարկեիք, որ նաև Արցախ մեկնի... Աշխարհն էլ նրա միջոցով ճանաչի Արցախը:

Ի դեպ, Քիմին սարքել էին Հայ դատի պաշտպան: Հետաքրքիր է, այդ ուղղությամբ ի՞նչ է արել նա:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը