Մեկնաբանություն

03.01.2017 10:20


Հին տարուց գաղջը շալակած մտանք նոր տարի

Հին տարուց գաղջը շալակած մտանք նոր տարի

Տխուր, ձանձրալի, գաղջոտ մթնոլորտում Նոր տարի դիմավորելը, այսպես կոչված, տոնական օրերը գլորելը միայն մեզանում կարող է լինել: Հին տարուց գաղջը շալակած մտանք նոր տարի: Հայկական հեռուստաեթերը հերիք է, որ ամեն բան հարամվի:

Չնայած, մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասում էր, թե Հանրային հեռուստաընկերության եթերը լավացել է, սակայն այն «տոնական» ծրագիրը, որ ցուցադրվեց այդ ալիքով, սոցիալական ցանցերում բոլորը գնահատեցին որպես «խայտառակություն»։

Իսկապես, ռաբիսության, անճաշակության «հրավառություն» էր, շրիշակից էլ ցածր մակարդակի «քեֆչիություն», երբ հնչում էին մեկը մյուսից չտարբերվող երգ–կլկլոցներ, երբ տեսնում էինք պարող-պարուհիների ծիծաղելի, հակագեղագիտական հագուստները (որոնք, հավանաբար, Ճլոխանի կարի ցեխի «մոդելյորի» աշխատանքն էին):

Ակնհայտ էր, որ հսկայական գումարներ էին թափել այդ ծրագրի վրա (պլպլան ձևավորում և այլն), սակայն արդյունքը զրոյական էր: Մի խոսքով, հարսանիքային, ուտուշ-խմուշային մակարդակ, ինչը հոգեհարազատ է իշխանական վերնախավին: Ինչ ուզում է լսել ու տեսնել այդ վերնախավը, այն էլ ցուցադրում են:

Ընդհանրապես, բոլոր ալիքներում նայելու բան չկար. ամենուր նույն անորակ երգերն ու ղալմաղալը, հոգևոր սնանկության անպատկառ ցուցադրությունը: Դրա համար էլ մարդիկ ռուսական ալիքներով ցուցադրվող տոնական ծրագրերն էին դիտում: Ավելին, սոցիալական ցանցերում շատերը զարմացած հարցնում էին «Հետաքրքիր է, ո՞վ է լսում Սերժ Սարգսյանի ուղերձը, կամ ո՞ւմ համար է այն ընթերցում, եթե ոչ ոք նրան չի լսում»։

Դե հիմա... Նա հո Ճապոնիայի կայսրը չէ, որին ոչ միայն լսում են, այլև վազում են պալատի մոտ, որ շնորհավորեն: Հետո ինչ, որ Սարգսյանն այդ ուղերձում ասում է, թե անցած տարին եկեք համարենք ազգային համախմբման տարի։ Եթե ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ազգը համախմբվեց հայրենիքի պաշտպանների շուրջը (ինչը բնական է), ապա տարին պետք է այդպիսի՞ն համարենք: Իհարկե, ո՛չ։ Մանավանդ որ տարեվերջին տարածքներ զիջելու թեման թարմացվեց՝ պառակտելով ազգը։

Ազգային համախմբում կարող է լինել միայն այն ժամանակ, երբ կունենանք պարկեշտ, բարոյական, պատասխանատու իշխանություն, որը ներսում և դրսում կգործի ի նպաստ ազգային և պետական շահերի։ Գործող իշխանությունն այդպիսին չէ։

Հնարավոր չէ տարին տարվա վրա խոստանալ փոփոխություններ ու ոչինչ չանել այդ ուղղությամբ, ինչը տեսնում ենք ՀՀԿ ղեկավարի գործելակերպում։ Անցած տարում նա բոլոր ամբիոններից քանիցս խոստացավ «բեկումնային», «լայնածավալ», «տեսանելի ու շոշափելի» փոփոխություններ իրականացնել տնտեսության և այլ ոլորտներում, որոնց դրական արդյունքները շատ շուտով կտեսնենք։ Հիմա էլ նույն բանն ասում է ուղերձում։

Հրեղեն աքաղաղի տարում այլևս մեզ թղթի վրա գրված փոփոխություններ պետք չեն: Մի փոփոխություն է պետք, որը հուսով ենք՝ տեղի կունենա ապրիլին նախատեսված ԱԺ ընտրությունների արդյունքում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը