Մեկնաբանություն

05.01.2017 00:05


Երկիրը սթափվելու կարիք ունի

Երկիրը սթափվելու կարիք ունի

Տոնական և հետտոնական թմբիրի մեջ գտնվող երկիրը սթափվելու կարիք ունի, քանի որ 2017-ի տարեսկիզբը առանձնահատուկ է նրանով, որ արագ է «թռչում»՝ ստիպելով քաղաքական ուժերին, մասնավորապես՝ ոչիշխանական դաշտում գործող, չտրվել ծուլությանը, դանդաղկոտությանն ու անվճռականությանը:

2017-ի հունվարն անցած տարիների նման չի կարող «մեռած ամիս» համարվել: Ինչ խոսք, մեռած է տնտեսության և այլ ոլորտների համար (ինչպես եղել է անցած 8 ու կես տարիներին ու բոլոր ամիսներին), բայց այս անգամ, ընտրական գործընթացով պայմանավորված, առավելագույն ակտիվություն է պահանջվում, ու գործնական քայլերի դիմելու անհրաժեշտություն կա: Ավելի ստույգ՝ զգոնությունը չկորցնելու, արագ կողմնորոշվելու և հստակ որոշումներ կայացնելու կարիք կա: Քանզի ժամանակը չի սպասում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ հերթական ընտրությունների ժամանակացույցը, ըստ որի՝ կուսակցություններն ու դաշինքները գրանցման համար փաստաթղթերը պետք է ներկայացնեն փետրվարի 6-16-ը: Այսինքն՝ ընդամենը մեկ ամիս է մնացել հնարավոր դաշինքներ ձևավորելու և նախընտրական ցուցակներ կազմելու համար:

Իշխանության գործը հեշտ է. ՀՀԿ-ն միայնակ է մասնակցում ընտրություններին և արդեն, երևի, մի քանի «զապաս» ցուցակ ունի: Ռեյտինգային թեկնածուների պակաս էլ չունի: Բացի այդ, «քաղաքական սերնդափոխություն» սցենարի շրջանակում «տակից» խրախուսում ու ասպարեզ է նետում իրեն ցանկալի ինչ-ինչ ուժերի: Սակայն ժողովուրդն իսկապես այլընտրանքի կարիք ունի: Այնպիսի ուժերի ու դեմքերի համախմբման կարիք է զգում, որոնք կարող են իրական այլընտրանք հանդիսանալ իշխանությանը:

Իսկ ինչո՞վ են զբաղված ոչիշխանական դաշտում գործող քաղաքական ուժերը. արդյոք բանակցությունները հաջո՞ղ են ընթանում, և հնարավո՞ր է համախմբվել ու ընտրություններում հասնել հաջողության՝ առնվազն քաղաքական մենաշնորհը վերացնելու հարցում: Դեռ ոչինչ հայտնի չէ: Բայց որ այդ համախմբմանը ժողովուրդը սպասում է, ավելին՝ ապրիլի 2-ի ընտրություններում բեկում արձանագրելու հույսեր է տածում, իրողություն է:

Ակնհայտ է նաև, որ իրական ընդդիմադիր ուժերի՝ առանձին-առանձին մասնակցության պարագայում լուրջ արդյունքներ արձանագրելու ակնկալիքները, մեծ հաշվով, բլեֆ են: Մանավանդ որ «100 տոկոսանոց համամասնական» ընտրակարգին անցումը, ըստ էության, տեղի չունեցավ, և իրականում շարունակում է գործել մեծամասնական ընտրակարգը, քանզի 13 ընտրատարածքներում կուսակցությունները կարող են առաջադրել 7-15 թեկնածուի (տվյալ տարածքի ընտրողների թվով պայմանավորված): Այս ամենն ուղղակի պարտադրում են ընդդիմադիր ուժերին համախմբվել և հանդես գալ դաշինքով:

2017-ն իմաստավորված տարի կարող ենք համարել միայն այն դեպքում, երբ ապրիլի 2-ին կհաջողենք հասնել բոլոր առումներով ձախողված իշխանությունների դիրքերի փլուզմանը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը