Կարծիք

09.01.2017 18:00


Մենք երեխաների համար փող չունենք. «ավելի կարևոր» ծախսեր ունենք

Մենք երեխաների համար փող չունենք. «ավելի կարևոր» ծախսեր ունենք

21-րդ դար․․․․․Հայաստան․․․ որը, կարծես թե, համարվում է ոչ այնքան հետամնաց երկիր․․․․․որի իշխանություններն անգամ մտածում են վերընտրվելու մասին, քանի որ, ըստ իրենց՝ «լավ էլ պաշտոնավարում են ու համապատասխան առաջընթաց ապահովում» (այլապես ինչո՞ւ պիտի հավակնեին, ըստ նոր Սահմանադրության, հավերժ ու միահեծան իշխանության (սա, բնականաբար, առողջ տրամաբանություն է, որի մեջ մեր ներկայիս իշխանությունները ոչ մի կերպ չեն տեղավորվում))։

Բայց, արի ու տես, որ մեր այս՝ վերարտադրվելու հիմքեր ապահովվող առաջընթաց գրանցող (նորից, բնականաբար, ըստ իշխանությունների) Հայաստանում երեխաների դասաժամերն առաջարկվում է կրճատել, քանի որ շատ ուսումնական հաստատությունների դասասենյակներում ապահովված չէ համապատասխան ջերմաստիճանը։

2012 թ., մայիս, Հայաստան, ՀՀԿ համագումար․ Սերժ Սարգսյան․
«Պրոբլեմներն այնքան շատ են, որ այդպիսի բաների մասին մտածելը դեռեւս շատ վաղ է։ Այսինքն, եթե Երեւանի դպրոցը չի ջեռուցվում, մենք ի՞նչ հնարավորություն ունենք գնանք սահմանամերձ գյուղում այնպիսի պայմաններ ստեղծենք, որ մենք վեր կենանք գնանք այնտեղ ապրենք։ Մենք պետք է կենսական պրոբլեմների մասին առաջին հերթին մտածենք»։

2017 թ., հունվար, Հայաստան․ «ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հեռախոսազրույցներ է ունեցել հանրապետության բոլոր մարզպետների, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հետ: Շրջաբերական է ուղարկվել բոլոր մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առաջարկելով այն ուսհաստատություններում, հատկապես գյուղական համայնքների, որտեղ դասասենյակներում ապահովված չէ համապատասխան ջերմաստիճան, ըստ անհրաժեշտության, դասերը սկսել առավոտյան ժամը 10.00-ից` 30 րոպե տևողությամբ դասաժամերով»:

Անցել է 5 տարի, խնդիրը դեռ ակտուալ է։ Հայաստանում գրանցված է 1 438 դպրոց։ Ամեն տարի անհրաժեշտ էր վերանորոգել (կամ, առնվազն, ջեռուցման համապատասխան համակարգով ապահովել) մոտ 285 դպրոց (բայց դե, իրականում է՛լ ավելի քիչ, քանի որ, վերջիվերջո, կան դպրոցներ, որտեղ նորմալ ջերմային ֆոն է ապահովվում)։

Բայց մենք երեխաների համար փող չունենք․․․մեր ապագա սերնդի վրա հո փող չե՞նք ծախսի․․․ մենք այլ՝ «ավելի կարևոր» ծախսեր ունենք ․․․մենք «կարմիր գծերի» տերերի գրպանների հարստացմամբ պետք է զբաղվենք․․․․

Հ․Գ․։ Ապրիլին ընտրություններն են։ Եվ, վերջիվերջո, պետք է գիտակցենք, որ եթե մեզ համար փոփոխություններ չենք ուզում, ապա գոնե մեր երեխաների մասին մտածենք․․․որ նրանք ցուրտ դասարաններում ծակ ու մաշված հագուստով չնստեն, որ շոկոլադի մասին միայն գովազդից չլսեն, որ իրենց դպրոցական պայուսակից չամաչեն․․․որ, որ, որ․․․․Թվում է, թե այնքան խնդիրներ կան, որ սրանք մանր-մունր բաներ են․․․․է, հա, գուցե․․. բայց երեխաների վարքագիծն ու հոգեբանությունն են ձևավորում։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը