Մեկնաբանություն

11.01.2017 10:20


Մեծ կապիտալից բացի՝ փոքր գումարներ էլ են դուրս բերվում Հայաստանից

Մեծ կապիտալից բացի՝ փոքր գումարներ էլ են դուրս բերվում Հայաստանից

Բանկում մուծումներ կատարելու համար հերթի եմ կանգնել: Ինձանից առաջ մի կին է, որը բանկի աշխատակցին խնդրում է Ռուսաստան, ավելի կոնկրետ՝ Նովոսիբիրսկ կատարած իր փոխանցումը վերահասցեագրել այլ համակարգի, քանի որ աղջիկն ու փեսան չեն կարողանում իր ուղարկած 10 հազար ռուբլին ստանալ: Կինը նաև խնդրում այդ 10 հազարից բացի՝ էլի 10 հազար ռուբլու չափով փոխանցում կատարել: Այսինքն՝ Հայաստանից, Երևանից ընտանիքը Նովոսիբիրսկում ապրող իր աղջկան ու փեսային անհապաղ ուզում է գումարով աջակցել:

Գործարքը մի քիչ բարդ էր, քանի որ կնոջ ուզած համակարգով չէին կարող փոխանցել, ու բանկի աշխատակիցն ասաց, որ նույն համակարգով կարող են արդեն փոխանցված և ավելացվող 10 հազար ռուբլին փոխանցել (ընդհանուր՝ 20 հազար): Կինը լարվածությունից քրտնեց, զգացվում էր, որ անելանելի վիճակում է ու փորձեց զանգել Նովոսիբիրսկ: Մի կերպ զանգեց ու շտապ փեսային փոխանցեց իրավիճակը: Վերջինս համաձայնեց: Միայն թե փողը շուտ տեղ հասներ: Կինը խոր շունչ քաշեց ու սկսեց տվյալները ներկայացնել բանկի աշխատակցին: Այս ընթացքում ես զգուշորեն կնոջից հետաքրքրվեցի.

–Ներեցե՛ք, ձերոնք Ռուսաստանում են ապրում, բայց դո՞ւք եք նրանց փող ուղարկում, փոխանակ հակառակը լինի:

–Դե, հիմա այնտեղ մի քիչ լավ չի վիճակը, բայց ոչինչ, այդպես չի մնա, կարևորը՝ էս պահը հաղթահարեն, մինչև մենք գնանք հասնենք,- կինը մեղմորեն պատասխանեց հարցիս:

–Այսինքն՝ դուք էլ եք գնալո՞ւ,- զարմացա ու աներեսաբար շարունակեցի «հարցաքննել» կնոջը:

–Հա, բա ի՞նչ պետք է անենք: Այստեղ մնանք ի՞նչ անենք, թեկուզ այնտեղ հիմա մի քիչ գործերը լավ չեն, բայց ի՞նչ կապ ունի, ամեն ինչ հետո տեղը կգա, այստեղի նման չի, որ չգիտես՝ քեզ վաղը ինչ է սպասվում...մեռանք դիմանալով,- հոգոց հանեց կինը:

Ես ստպված էի լռել: Իսկապես, ապշել էի: Ի՞նչ է ստացվում: Նովոսիբիրսկ տեղափոխված ընտանիքի անդամներից երկուսին այստեղից են օգնում, որպեսզի այնտեղ հաղթահարեն նեղ պահը, և ավելին՝ դեռ այստեղ էլ ընտանիքի մնացյալ անդամները պատրաստվում են հեռանալ հայրենիքից: Շշմել էի:

Տուն եկա ու լրատվամիջոցներից տեղակացա, որ հրապարակվել են ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամանակի գները: Մեծ լսարան ունեցող հեռուստաալիքներն, իբր, նվազեցրել են մեկ րոպեի գինը՝ 110-120 հազարից իջեցնելով 100 հազար դրամ: Սա նվազեցում է, թե ոչ, որևէ նշանակություն չի կարող ունենալ իշխող ուժի համար, որն ամենաշատն է օգտվելու հենց այդ հեռուստաալիքներից և ձգտելու է միլիոններ վատնել եթերային քարոզչություն իրականացնելու վրա: Մինչդեռ, կոպիտ ասած, թքած ունի իմ ներկայացրած ընտանիքը այդ քարոզչության վրա, որը մինչ իշխող ուժի կողմից սանձազերծվող զոնդաժը արդեն հայրենիքում չի լինելու:

Ինչպես անցած տարիներին հեռացել է ավելի քան 300 հազար մարդ, այդ հոսքը հիմա էլ շարունակվում է: Անգամ այն պարագայում, երբ դրսերում վիճակն այնքան էլ լավ չէ: Չգիտեմ՝ որքան դրամ է կազմում 20 հազար ռուսական ռուբլին, բայց մարդիկ այդքան գումար փոխանցում են ՌԴ, ավելին՝ իրենք էլ ճամպրուկներն են հավաքում, որ օր առաջ հեռանան, որպեսզի անգամ 10 վայրկյան չլսեն իշխող ուժի քարոզը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը