Լրահոս

03.12.2010 17:30


Րաֆֆի Հովհաննիսյանը Կամբոջայում է

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը ներկայումս Կամբոջայի մայրաքաղաքում է, որտեղ մասնակցում է ու ելույթ ունեցավ Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսի (ԱՔԿՄԿ) հիմնադրման 10-րդ տարեդարձին նվիրված 6-րդ Գլխավոր համաժողովում:

36 երկրներ ներկայացնող 89 կուսակցությունների պատվիրակներին մի հարկի տակ հավաքած ԱՔԿՄԿ-ի այս տարվա մայրցամաքային համաժողովը նվիրված է «Ասիայի ավելի լավ ապագայի որոնման» թեմային:

Այսօրվա լիագումար նիստում հանդես գալով' Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց երրորդ հազարամյակի համամոլորակային անվտանգության, բնապահպանության, սոցիալ-տնտեսական եւ մարդկային մարտահրավերները, պետական ինքնիշխանության ու ազգային շահերի հենքին մատնանշեց հասարակություններում եւ միջազգային հարցերում յուրաքանչյուր անհատի հիմնարար արժանապատվության, իրավունքների ու լիազորությունների հարգման եւ պաշտպանման հրամայականը:

Այս կապակցությամբ եւ որպես Հայոց ցեղասպանությունից ու Մեծ հայրենազրկումից մազապուրծ փրկվածների թոռ' Հովհաննիսյանը նաեւ հարգանքի տուրք մատուցեց այս ողբերգության, ինչպեսեւ հրեական Ողջակիզման, Կամբոջայի ցեղասպանության եւ մարդկության դեմ կատարված բոլոր մյուս ոճրագործությունների զոհերի հիշատակին: Նա իր ելույթը եզրափակեց' նշելով, որ ամեն դեպքում հաշտությունը պետք է խարսխված լինի ճշմարտության, արդարության եւ ամբողջական ազատագրում բերող հատուցման վրա:

Ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանը միացել էր այլ պատվիրակների խմբին եւ այցելել Պնոմպենի ավագ դպրոց, որը բռնակալ Պոլ Պոտն ու նրա Կարմիր քմերական վարչակարգը 1975-ին վերածել էին S-21 համակենտրոնացման ճամբարի: Դա մարդկանց պահելու ու կտտանքների ենթարկելու մի համալիր էր եւ ծառայում էր որպես հարթակ' Կամբոջայի սպանդի դաշտերում Պոլ Պոտի հրամանով մոտավորապես երկու միլիոն իր հայրենակիցների ֆիզիկական ոչնչացման համար: Սակայն Կարմիր քմերների առաջին ավագ սպան փաստորեն միայն այս ամռանը դատվեց եւ մեղավոր ճանաչվեց ցեղասպանություն իրագործելու մեջ:

 Վեհաժողովի շրջանակներում Հովհաննիսյանը նաեւ հանդիպումներ ունեցավ Կամբոջայի վարչապետ  Սամդեչ Հուն Սենի, Մալազիայի վարչապետ Դաթո Սրի Մոհամադ Նաջիբ բին Թուն Հաջի Աբդուլ Ռազաքի, Նեպալի վարչապետ Մադհավ Կումար Նեպալի, Ֆիլիպինների նախկին նախագահ Ֆիդել Ռամոսի, Ինդոնեզիայի նախկին նախագահ Մեգավատի Սուկարնոպուտրիի, Չինաստանի կոմունիստական կուսակցության Քաղբյուրոյի անդամ Լի Յուանչաոյի, Ֆիլիպինների խորհրդարանի խոսնակ Ֆելիսիանո Բելմոնթեի, ԱՔԿՄԿ հիմնադիր եւ Ֆիլիպինների խորհրդարանի նախկին խոսնակ Խոսե դե Վենեսիայի, ինչպեսեւ Ասիայից ու աշխարհի բոլոր մյուս անկյուններից ժամանած պաշտոնյաների եւ ոչ կառավարական ներկայացուցիչների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը