Աշխարհ

15.01.2017 13:17


Մխիթարյան. «Կլոպն ինձ շատ է օգնել»

Մխիթարյան. «Կլոպն ինձ շատ է օգնել»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ 2013 թվականին կարող էր տեղափոխվել «Լիվերպուլ», երբ «մերսիսայդցիների» թիմը գլխավորում էր Բրենդան Ռոջերսը:

Մխիթարյանը չէր ընդունել «Լիվերպուլի» առաջարկը և գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպի հեռախոսազանգից հետո Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվել էր Դորտմունդի «Բորուսիա»:

«Մի քանի անգամ հեռախոսով խոսել եմ Ռոջերսի հետ: Նա համոզում էր ինձ տեղափոխվել «Լիվերպուլ», որպեսզի կարողանամ հանդես գալ Սուարեսի և Ջերարդի հետ: Տատանվում էի որոշմանս հարցում: Ցանկանում էի ընդունել առաջարկը, սակայն հասկանում էի, որ Ուկրաինայի և Անգլիայի միջև մեծ տարբերություն կա:

Առաջարկից երկու շաբաթ անց հանդիպեցի Կլոպի հետ, որից հետո որոշեցի տեղափոխվել «Բորուսիա»: Գիտեի, որ նա կարողանում է աշխատել երիտասարդ ֆուտբոլիստների հետ: Վստահ եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել: Կլոպը շատ լավ մարդ է: Նա միշտ աջակցում է իր ֆուտբոլիստներին, երբ վերջիններս խնդիրներ են ունենում թե՛ խաղադաշտում և թե՛ դրա սահմաններից դուրս:

Նա շատ է օգնել ինձ, քանի որ ես չափից շատ էի մտածում ֆուտբոլի մասին: Պարտություններից հետո մտածում էի չիրացրած հնարավորություններիս մասին: Կլոպն ասաց ինձ, որ սա պարզապես կյանք է և ես դեռ շատ հնարավորություններ կունենամ: Սակայն այդ հնարավորությունները ստեղծելու համար լավ տրամադրություն էր հարկավոր: Այն ժամանակ ես հասկացա, որ բոլորն են սխալվում և չպետք է շատ երկար տառապել այդ ամենի համար»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 20:00-ին:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը