Մեկնաբանություն

25.01.2017 00:40


Անասնագողությունը, ականները և ընտրությունները

Անասնագողությունը, ականները և ընտրությունները

Քաղաքական գործընթացների ներկայիս փուլն աչքի է ընկնում մի շարք երևույթներով:

ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ տեղի է ունենում անասնագողություն: Անասունները շատ են, իսկ գնորդները՝ քիչ: Դա է պատճառը, որ անասունների գներն ընկել են, իսկ բառաչողները՝ շատացել: Մեկին խաբում են, մյուսին՝ համոզում, երրորդին՝ շան մսի գին տալիս ու վերցնում: Ճիշտ է, գոմը բեզռազմերնի չէ, բայց ամեն մեկին կարողանում են տեղավորել կամ էլ խոսք են տալիս, որ կտեղավորեն:

Ի դեպ, անասնագողությունը նոր երևույթ չէ (Հմայակ Հովհաննիսյանին հարցրեք, կասի. նրանից էլ տարիներ առաջ մի քանի անասուն էին գողացել), բայց այսպիսի ինտենսիվ բնույթ երբեք չի կրել: Պատճառը պարզ է՝ գալիք ընտրությունները ճակատագրական նշանակություն են ունենալու, և անգամ ճիճուների կարիք կա, էլ ուր մնաց, թե խոշոր եղջերավոր անասուններին թողնեն անտեր ու դուզ:

Անասնագողությանը զուգահեռ՝ տեղի են ունենում ականների պայթեցումներ: Սրանք ընդդիմադիր դաշտում «սկզբունքային գործչի» դեր խաղացողներն են: Գժական են գնում, բայց «ֆալշը» զռռում է:

Ականներն անասուններից շատ չեն տարբերվում: Տարբերությունը գործառույթի մեջ է: Մեկին հաչեցնում են, իսկ մյուսին պարզապես գոմում կապում: Ականները հույս ունեն, որ իրենց համար էլ հետագայում տեղ կգտնվի գոմում, բայց դե, հույս դնել խոստումների վրա նույնն է, ինչ հույս դնես, որ անասունը մարդ կդառնա, կամ ականը չի պայթի:

Թե քանի անասուն կհաջողվի գողանալ և քանի ական պայթեցնել մինչև ընտրությունները, կիմանանք շատ շուտով: Բոլոր հարցերի պատասխաններն օրերի հարց են:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը