Քաղաքական

02.02.2017 16:50


«Մեր պես հայրենասեր տղերքին հանցագործ սարքե՞ն». ցուցարարը 3 տարով ազատազրկվեց

«Մեր պես հայրենասեր տղերքին հանցագործ սարքե՞ն». ցուցարարը 3 տարով ազատազրկվեց

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր ՊՊԾ գնդի գրավմանը Խորենացի փողոցում հաջորդած հավաքների մասնակիցների գործի քննությունը: Այս մասին գրում է aravot.am–ը։

Հիշեցնենք, որ Արսեն Մկրտումյանը, Գագիկ Միքայելյանը եւ Սոսո Մարգարյանը մեղադրվում են ոստիկանների հանդեպ բռնություն կիրառելու, մասնավորապես՝ նրանց վրա քարեր նետելու համար:

Սոսո Մարգարյանի փաստաբան Արա Զաքարյանն անդրադառնալով դատախազի՝ իր պաշտպանյալի հանդեպ երեք տարվա ազատազրկում պահանջելու փաստին, ասաց, որ այն հիմնավորումներ չունի: Ըստ փաստաբանի՝ քաղաքացիները մասնակցելով ցույցի՝ փորձել են այդպես կանխել իրավապահների կողմից ՊՊԾ գունդը գրավածների հանդեպ ուժի կիրառումը, որի դեպքում երկու կողմից լինելու էին զոհեր եւ վիրավորներ. «Եթե հասարակությունն այդ օրերին պասիվ լիներ եւ դեմ չարտահայտվեր ուժի կիրառմանը, մեծ էր հավանականությունը, որ իշխանությունն ուժ կկիրառեր ՊՊԾ գնդի տարածքը գրավելու համար…Իմ պաշտպանյալը քար է նետել այն բանից հետո, երբ ոստիկանների նետած լուսաձայնային նռնակը պայթել է նրա ոտքի մոտ: Այդ դեպքով հարուցված քրեական գործով պաշտպանյալս տուժող է ճանաչվել: Ըստ տեսանյութի՝ նրա նետած քարը մի քանի մետր թռչել է ու ընկել գետին՝ ոստիկաններից շատ հեռու»,-հավելեց Արա Զաքարյանը:

Սոսո Մարգարյանն էլ իր վերջին խոսքում ասաց՝ ընդունում է իր մեղքն առ այն, որ քար է նետել, սակայն չի կարծում, թե իր կատարածը հանցագործություն է: Մեղադրյալն ասաց, որ իրենք ցանկացել են իրենց մասնակցությամբ կանխել արյունահեղությունը. «Եթե իշխանություններն ուզում են մեր պես հայրենասեր, ջահել տղերքին հանցագործ սարքե՞լ…տարօրինակ է»:

Ավելի ուշ խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը որոշեց Սոսո Մարգարյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել 3 տարվա ազատազրկման:

Մանրամասները՝ aravot.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը