Լրահոս

11.11.2010 16:27


Ովքե՞ր են դառնում աղանդավորներ

Ովքե՞ր են դառնում աղանդավորներ

Սոցիոլոգ Հայկ Սահակյանը վերջերս կրոնական շարժառիթներով կատարված հանցագործությունների և ինքնասպանությունների քանակի ավելացմանն անդրադառնալով՝ «Արմատ» ակումբում ասել է, թե դրանք կարող են պայմանավորված լինել նաև սոցիալական դրդապատճառներով։ Մասնավորապես՝ դրա հիմնական պատճառներից են օտարվածությունը հասարակությունից և հասարակության նորմատիվ վերահսկողության կարգի բացակայությունը։

Նա նշել է, որ մարդը հասարակությունից օտարված լինելով՝ նոր խմբեր է փնտրում, որտեղ կարող է պաշտպանել իր գոյությունը։ Հենց այստեղ էլ, նրա խոսքերով, ի հայտ են գալիս աղանդավորական կազմակերպությունները, որոնք, ի տարբերություն մյուս նմանատիպ կազմակերպությունների, ունեն հոգևոր հիմք, և դրանց զգացմունքային դաշտը շատ խոր է։

Դա, Հ. Սահակյանի կարծիքով, արդյունք է նաև հասարակությունում ընդունված համընդհանուր արժեքանորմատիվ կարգի փլուզման, քանի որ խորհրդային կարգերից հետո առայժմ չի ձևավորվել նոր արժեքային համակարգ, որը լինի համընդհանուր, և այդ տեսանկյունից հասարակությունը վերահսկողություն չի իրականացնում նմանատիպ շեղումների դեմ։

Նույն խնդրին անդրադառնալով՝ հոգեբան, հոգեթերապևտ Մարինե Ավետիսյանը նշել է, որ վերջին շրջանում հատկապես լայն տարածում են գտել հարազատների միջև սպանությունները, ինչն ինքը չի ցանկանում կապել ուղիղ աղանդների հետ։ Նրա կարծիքով՝ դա կարող է առիթ լինել, որ անձը նպաստավոր միջավայր գտնի իր համար և իրականացնի այն ծրագիրը, որն ինքը վաղուց ունեցել է։

-Որպես կանոն՝ աղանդավորներ դառնում են հիմնականում այն մարդիկ, այն անձինք, ովքեր հոգեբանորեն ավելի անկայուն են, ովքեր, այսպես թե այնպես, արդեն խնդիր ունեն իրենց ներսում։ Կարծում եմ՝ խնդիրն անձնային է, ներսից դեպի դուրս է և ոչ թե դրսից դեպի ներս,- ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը