Լրահոս

11.11.2010 17:08


Գյումրիում բնակարանները արժեզրկվում են, սակայն գնորդ չկա

Ըստ մասնագետների՝ Գյումրիում անշարժ գույքի շուկայական գինը շարունակում է նվազել: Անցած 2 տարվա համեմատությամբ անշարժ գույքի շուկայական արժեքը գրեթե 40%-ով ընկել է: Հիմնական պատճառներից մեկն այն է, որ  վաճառողները շատ են, իսկ գնորդները՝ քիչ:

Ըստ անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող «Գասմա ինվեստ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Գարսանթյանի՝ գործազրկության բարձր մակարդակի պատճառով գյումրեցիները չեն կարողանում նույնիսկ բնակարանի մասին մտածել։

-Գների նվազումը պայմանավորված է  մեզ մոտ աշխատատեղերի բացակայությամբ, հիմնական գնորդները, հատկապես Գյումրիում, այն կատեգորիաներն են, որոնք գումարները վաստակում են արտերկրում: Իսկ մի մասն էլ, սոցիալ-տնտեսական վիճակից ելնելով, իրենց մեծ բնակարնները վաճառում են՝ ավելի փոքր մակերեսով բնակարաններ ձեռք բերելու համար,-ասել է Արմեն Գարսանթյանը:

Ըստ նրա՝ 20 բնակարան վաճառողին ընդամենը մեկ գնորդ է հասնում: Մասնագետի կարծիքով՝ տարօրինակն այն է, որ բնակարանի գները էժանացմանը զուգահեռ նվազում է նաև գնորդների թիվը։

-2008թ. վերջերի տվյալները ցույց են տալիս, որ այն ժամանակ քաղաքում սովորական պետվիճակի 3-սենյականոց բնակարնները վաճառվում էին միջինը 40-45 հազ. ԱՄՆ դոլորով: Այդ նույն բնակարանները հիմա վաճառվում են 25-27 հազ. ԱՄՆ դոլորի սահմաններում: Սակայն տարօրինակն այն է, որ չնայած գների նվազմանը, գործարքների քանակը ևս նվազել է: Գնորդ չկա, հետաքրքրություն չունեն բնակարան ձեռք բերելու: Գնողունակ պահանջարկը Գյումրիում շատ ցածր է,-նշել է մասնագետը:

Արմեն Գարսանթյանի խոսքերով՝ Գյումրիում բուռն կերպով բնակարաններ են ձեռք բերում այստեղ տեղակայված ռուսական ռազմաբազաների զինծառայողները, քանի որ բարձ վարձատրություն են ստանում:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը