Մեկնաբանություն

23.02.2017 12:50


«Ջուրը մտնողը թրջվելուց չի վախենա»

«Ջուրը մտնողը թրջվելուց չի վախենա»

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում անդրադառնում է վերջին շրջանում մամուլում իր անձին ու գործունեությանը վերաբերող շահարկումներին: Եվ նաև շատ հանգիստ ու վստահ հայտարարում, որ ինքը ոչ մի բանից չի վախենում: Ինչպես ասում են, «Ջուրը մտնողը թրջվելուց չի վախենա»: Այնպես որ, Սեյրան Օհանյանի խոսքից ակնհայտ է դառնում, որ նա մինչ քաղաքականություն մուտք գործելը հաշվարկել էր այն ճղճիմ քայլերը, որոնց հնարավոր է՝ դիմեր իշխանությունը: Այդ առումով նրա համար անակնկալ չէ այն ամենը, ինչը հիմա տեսնում է:

Երբ հայտնի կենտրոնի հրահանգով որոշ լրատվամիջոցներ ակտիվորեն «իշմար» են տալիս, թե, իբր, բանակում տեղի ունեցած «չարաշահումների» կամ Նորքի բանդայի գործով հնարավոր է՝ քրեական գործեր հարուցվեն, Օհանյանը հստակ ասում է, որ չարաշահումների, կոռուպցիոն ռիսկերի դեմ անձամբ ինքն է պայքարել, երբ դեռ նախարարի պաշտոնում էր, և նախարարին ենթակա վերահսկողական ծառայությունների, նաև քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու միջոցով պայքարել է չարաշահումների դեմ: Հետևաբար, մտավախություն չունի, և եթե ինչ-որ խնդիրներ լինեին, ապա այդ խնդիրները ժամանակին կբարձրաձայնեին: Ինչ վերաբերում է լրատվական դաշտի կողմից հենց իրեն թիրախավորելուն, ապա. «Գտնում եմ, որ դա նաև բարոյականությունից մի քիչ զուրկ երևույթներ են, ճիշտ չեն»:

Այն, որ իշխանությունը, մասնավորապես, Բաղրամյան 26-ը փորձելու էր Օհանյանին «զսպաշապիկ» հագցնել՝ նրա քաղաքական գործունեությունը ինչ-որ կերպ «չափավորելու» նպատակով, դրանում համոզվել ենք այն պահին, երբ նա հայտարարեց քաղաքականություն մտնելու մասին, ինչից հետո մինչ օրս իշխանական ճամբարից և իշխանամերձ «բոստաններից» դժգոհ մրթմրթոցներ, անհիմն մեղադրանքներ են հնչում: Թիրախավորման պատճառն էլ պարզ է Օհանյանի համար. «Որովհետև, կարծում եմ, որ մենք միակ ուժն ենք, որը որ գտնվում է վերահսկողությունից դուրս, գործում է ինքնուրույն»։

Զարմանալին այն է, որ հիմա հանկարծ Սերժ Սարգսյանն սկսեց անհանգստանալ նախընտրական քարոզարշավում ԶՈՒ-ի հնարավոր ներգրավման խնդրով (մինչև հիմա, չգիտես՝ ինչու, ՀՀԿ ղեկավարը ԶՈՒ ղեկավար կազմին նման զգուշացում չէր անում): Հիմա անհանգիստ է: Վա՜յ, հանկարծ ՕՐՕ դաշինքի օգտին քարոզ չանե՞ն: Չէ՞ որ Սեյրան Օհանյանը իր գրառումներում ու տեսաուղերձներում հաճախ է դիմում իր զինակից ընկերներին։ Այս հարցի հետ կապված էլ Օհանյանն ասաց, որ ինքը քաղաքական չեզոքություն պահպանելու կողմնակից է, բացի այդ էլ՝ հիմա որևէ կապ չունի ԶՈՒ անձնակազմի հետ: Իսկ հարցին, թե նա իր քաղաքական պայքարում մինչև վե՞րջ է գնալու, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում գնալ մինչև վերջ: Եթե մենք սկսել ենք մեր գործունեությունը, իհարկե, պետք է ավարտին հասցնենք»: Ըստ էության, երկրորդ անգամ արդեն ոչ ուղղակիորեն ընդգծեց, որ ոչ մի բանից վախենալու խնդիր չունի:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը