Մեկնաբանություն

25.02.2017 10:15


Ցլամարտի հրապարակի վերածված հայրենիք

Ցլամարտի հրապարակի վերածված հայրենիք

Սերժ Սարգսյանը, երբ ասում էր «Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք», մարդիկ միամտաբար զարմանում էին, թե՝ ախր, նա արդեն կրկեսի է վերածել հայրենիքը:

Պարզվում է, ՀՀԿ ղեկավարը հայրենիքը լրիվ ուրիշ բանի վերածելու ցանկություն ուներ, ինչն արդեն նկատելի է դառնում: ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների թիմակիցների միջև Մասիսում արձանագրված միջադեպը, որն ուղեկցվել է ծեծուջարդով և դեռ հակամարտող կողմերը շարունակություն են խոստանում, վկայում է, որ ՀՀԿ ղեկավարի ցանկությունն, իսկապես այլ է եղել: Նա հայրենիքը վերածում է ցլամարտի հրապարակի, որտեղ ՀՀԿ-ի ռեյտինգային «ցուլերն» արդեն սկսել են մարտնչել միմյանց դեմ: Ցլամարտը վարողի դերում էլ ինքն է՝ Սարգսյանը, քանի որ ԸՕ-ում ռեյտինագայինի ներմուծումը սա էլ ենթադրում էր: Կարմիր լաթը թափահարելով Հանրապետականի «ցուլներին» կռվացնում է: Ով սաղ, ով՝ մեռած, արդեն կարևոր չի լինելու ՀՀԿ ղեկավարի համար:

Ցլամարտին հետևում է ողջ հանրապետությունը ու «արյունոտ տեսարանները» գնալով դառնալու են ավելի ու ավելի հետաքրքրական: «Ցլամարտիկի» համար կարևորը ռեյտինգային «ցուլերին» տրված ձայների քանակն է, որը ավտոմատ գնում է ՀՀԿ-ին: Իսկ ընդհանրապես, պետք է զգուշանան ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների շտաբների պետերը, քանի որ ամենաշատ մուշտին իրենք են ուտելու:

Ի դեպ, այս օրերին իշխանությունը ընտրակաշառքի մի ձև էլ է կիրառում. բուժհիմնարկներում «բաց դռների» օրեր են հայտարարվել՝ քաղաքացիներին իբր անվճար սպասարկելու նպատակով: Մինչդեռ, «բաց դռներին» հիմնականում կարող են դիմել ցլամարտից տուժածները: Դատելով Հանրապետականների շրջանում ծավալված մարտերից, հնարավոր է գործին խառնվի նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունը, քանի որ դժվար է կանխատեսել, թե ցլամարտի հրապարակների վերածված ընտրատարածքներում ավերվածությունները ինչ ծավալի կլինեն:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը