Աշխարհ

17.03.2017 13:35


Չավուշօղլուն՝ Հոլանդիայի հետ ճգնաժամի մասին. «Միայն ներողություն խնդրելը բավարար չի լինի»

Չավուշօղլուն՝ Հոլանդիայի հետ ճգնաժամի մասին. «Միայն ներողություն խնդրելը բավարար չի լինի»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է թուրք-հոլանդական ճգնաժամին: Ելույթ ունենալով թուրքական «Habertürk» լրատվականի եթերում՝ Չավուշօղլուն Հոլանդիայի «Ազատություն» կուսակցության (PVV) առաջնորդ Գիրթ Ուիլդերսին մեղադրել է օտարազգիներին, իսկ ամենից շատ՝ մահմեդականներին և իսլամին դեմ լինելու մեջ: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը։

«Նա իսկական ֆաշիստ է, այլ կերպ բնութագրել հնարավոր չէ», -հավելել է թուրք նախարարը՝ պնդելով, որ Ուիլդերսը ոտնահարում է եվրոպական արժեքները և դեմ է նաև Եվրամիությանը:

Չավուշօղլուն կարծիք է հայտնել, որ նախընտրական շրջանում Հոլանդիայի առաջատար կուսակցությունների որդեգրած քաղաքականությունն էապես չի տարբերվում Ուիլդերսի գաղափարախոսությունից:

«Նրանք ասում են, թե Թուրքիայի արտգործնախարարը կարող է գալ մեզ մոտ, այցելել մեր թանգարանները, բայց չի կարող հանդիպել թուրքերի հետ: Ինչ է նշանակում՝ չի կարող հանդիպել թուրքերի հետ հանդիպել: Սա ինչպե՞ս կբնութագրեք, միթե՞ ֆաշիստական մոտեցում չէ: Նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ֆաշիստական ժամանակաշրջանում, այսպես չի եղել»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Չավուշօղլուն անդրադարձել է նաև ընտանիքի և սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայաին Նիդեռլանդներում ցուցաբերված վերաբերմունքին: Նա հիշեցրել է, Ռոտերդամում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանից ընդամենը 30 մետր հեռավորության վրա Քայային կանգնեցրել է Հոլանդիայի ոստիականությունը և թույլ չի տվել ներս մտնել: Չավուշօղլուի կարծիքով՝ այս զարգացումների պատճառով առաջացած կոնֆլիկտը հասարակ ներողության միջոցով հարթել հնարավոր չի լինի:

«Անհրաժեշտ է, որ պատժվեն անմիջական մեղավորները: Պետք է հետաքննություն սկսել ոստիկանների, անգամ ՏԻՄ ղեկավարների դեմ: Մենք դիմել ենք ՄԱԿ-ին՝ ընդդեմ Հոլանդիայի կառավարության: Խախտվել են Վիեննայի պայմանագրի 10 դրույթները: Այդ խախտումների համար պատասխան պետք է տրվի», -հավելել է թուրք նախարարը:

Աղբյուրը հիշեցնում է՝
մարտի սկզբին Հոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ հանդիպման նպատակով այդ երկիր էին մեկնել թուրք նախարարների Մևլութ Չավուշօղլուն և Ֆաթմա Քայան: Սակայն նրանց թույլ չէր տրվել անգամ վայրէջք կատարել երկրի տարածքում: Այնուհետև ցամաքային ճանապարհով Հոլանդիա մուտք գործած Քայան արտաքսվել էր երկրից:

Այս խորագրի վերջին նյութերը