Կարծիք

13.01.2010 11:16


Հայերը, բուլղարացիների նման պետք է փոխհատուցում պահանջեն Թուրքիայից

Հայերը, բուլղարացիների նման պետք է  փոխհատուցում պահանջեն Թուրքիայից

Բուլղարիայի՝ Արտերկրի բուլղարացիների հարցերով գործակալության նախարար Բոժիդար Դիմիտրովը, նոր տարվա շեմին «մեծ փոթորիկ առաջացրեց»՝ սպառնալով արգելափակել Թուրքիայի մուտքը Եվրամիություն (ԵՄ), քանի դեռ նա միլիարդավոր դոլարների փոխհատուցում չի վճարել օսմանյան ժամանակաշրջանում բռնի տեղահանված բուլղարացիների համար:

Դիմիտրովն ասաց, որ Թուրքիան պարտավոր է 20 մլրդ դոլար վճարել Բուլղարիային' 1913 թվականին հարյուր հազարավոր էթնիկ բուլղարացիների արտաքսման համար: 1923 թվականին հիմնադրված Թուրքիայի Հանրապետությունը' համաձայն 1925 թվականի պայմանագրի, իր վրա է վերցրել Օսմանյան կայսրության պարտավորությունները և համաձայնել է փոխհատուցում վճարել, սակայն Բուլղարիայի կառավարությունը մինչ օրս այն չի ստացել:

«Թուրքիան, իհարկե կարող է այդ գումարը վճարել, վերջիվերջո խոշոր տնտեսական հզորություն ունեցող 16-րդ երկիրն է աշխարհում», ասաց Դիմիտրովը, օգուտ քաղելով թուրք պաշտոնյաների կողմից իրենց երկրի տնտեսական հզորության մասին բազմիցս հնչող պարծենկոտ հայտարարությունից:

Դիմիտրովը պարզաբանեց, որ 1925 թվականի պայմանագրի պահանջներին համապատասխան փոխհատուցման վճարումը Բուլղարիայի երեք նախապայմաններից մեկն է, որպեսզի վետո չդնի ԵՄ Թուրքիայի ընդունման վրա: Մյուս երկու նախապայմանները վերաբերում են Բուլղարիայի ներգրավմանը էներգետիկ և ջրային ռեսուրսների կառավարման հարցերում:

Բուլղարիայի կառավարության խոսնակ Վեսելին Նինովը, հունվարի 4-ին «EUobserver»-ում հաստատեց, որ Դիմիտրովի հայտարարությունը ներկայացնում է երկրի պաշտոնական քաղաքականությունը: Նա բացահայտեց, որ այդ բանավեճի կարգավորմամբ զբաղվում է «Թուրք-բուլղարական միջկառավարական աշխատանքային խումբը», իսկ երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը Թուրքիա կատարելիք իր առաջիկա այցի ընթացքում կբարձրացնի փոխհատուցման հարցը:

Սրան հետևեց թուրք  պաշտոնյաների արագ և խիստ արձագանքը: Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կրկնեց այն նույն անհիմն մեղադրանքները, որոնք թուրք ղեկավարները ներկայացնում են Հայոց Ցեղասպանության վերաբերյալ. այդ ժամանակաշրջանում նույնքան թուրք  է տուժել, որքան՝ բուլղարացի: Ըստ «Zaman» թերթի, Դավութօղլուն զգուշացրել է, որ փոխհատուցման վերաբերյալ Բուլղարիայի պահանջները կարող են վնասել երկկողմ հարաբերություններին, չնայած դրան նա հաստատել է, որ «Օսմանյան կայսրության վերջին օրերին թուրքերի և բուլղարացիների զանգվածային տեղաշարժերի հետ կապված հիմնախնդիրները քննարկվում են երկու երկրների կողմից»:

Բուլղարացի պաշտոնյաներն անմիջապես ետ ընկրկեցին, հասկանալով, որ այս խնդրում Թուրքիայի հետ բացեիբաց առճակատումը իրենց ավելի քիչ օգուտ կբերի, քան փակ դռների ետևում բանակցություններ վարելը: Բուլղարիայի փոխարտգործնախարար Մարին Ռայկովը  հարթելով Դիմիտրովի պահանջները՝ հայտարարեց, որ իր երկիրը Թուրքիայի Եվրամիությանը միանալու հայտը չի պայմանավորում տեղահանվածների համար փոխհատուցման խնդրի վերաբերյալ որոշմամբ: Այդ ընթացքում վարչապետ Բորիսովը  հանդիմանեց Դիմիտրովին և սպառնաց նրան պաշտոնանկ անել, եթե նա հետագայում նման հայտարարություն անելիս նախօրոք չխորհրդակցի իր հետ:

Նախարար Դիմիտրովը շտապ ներողություն հայցեց՝ պաշտոնից չզրկվելու համար: Իսկ ահա մամլո պատասխանատու Վեսելին Նինովի բախտը չբերեց. նրան հեռացրին զբաղեցրած պաշտոնից՝ Դիմիտրովի կողմից ավելի վաղ արված հայտարարությունը հաստատելու համար:

Բուլղարիայի ղեկավարները գտնում են, որ ներկայումս դեռ վաղ է փոխհատուցման վերաբերյալ իրենց պահանջները բացեիբաց կապել Թուրքիայի Եվրամիության անդամության հայտի հետ, չնայած շատ բուլղարացիներ տասնամյակներ շարունակ համառորեն պահանջում են նման փոխհատուցումներ: Հետևաբար սույն խնդիրը մնում է երկու երկրների օրակարգում, փչացնելով Թուրքիայի հաճախակի հնչող հայտարարությունը՝ զրո խնդիրներ կամ վեճեր հարևանների հետ:

Չնայած վարչապետ Բորիսովի վերապահությանը, այժմ Բուլղարիան մի նոր խոչընդոտ է ստեղծել Թուրքիայի ԵՄ անդամակցության համար, որը գնալով էլ ավելի է դժվարանում: Արդեն մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան, Նիդեռլանդները և Ավստրիան վճռականորեն դեմ են արտահայտվել ԵՄ Թուրքիայի անդամակցությանը: Հունաստանն ու Կիպրոսը թույլ չեն տա Թուրքիային միանալ Եվրամիությանը, քանի դեռ թուրքական զորքերը դուրս չեն բերվել Հյուսիսային Կիպրոսից: Բացի այդ, Թուրքիայի համար անհնարին կլինի միանալ ԵՄ-ին, չկատարելով այդ կառույցի գլխավոր պահանջը՝ բացել սահմանները բոլոր հարևան երկրների հետ: Այսպիսով, Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ին, քանի դեռ չի բացել սահմանները Հայաստանի հետ՝ անկախ հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրից:

 Բացի ԵՄ-ին միանալու խոչընդոտներից, Թուրքիան ծանրաբեռնված է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իր դեմ ներկայցված մեծ թվով հայցերով: Եթե Թուրքիան հրաժարվի Բուլղարիային փոխհատուցում վճարել 1913 թվականի փախստականների համար, ապա կհայտնվի ավելի բարդ իրավական խնդիրների առաջ:

Սակայն, Եվրադատարանում դատական գործերը շահելու Թուրքիայի շանսերն այնքան էլ բարձր չեն: Մի քանի կարևոր դատավարություններ Թուրքիան արդեն տանուլ է տվել՝ կապված Հյուսիսային Կիպրոսի բռնազավթման հետ: Բացի այդ, Թուրքիայում հունական և հայկական փոքրամասնությունների հաստատությունները, Եվրադատարանի միջոցով հաջողությամբ վերականգնել են իրենց տասնամյակներ առաջ բռնագրավված անշարժ գույքի մի մասը:

Քաջալերված այս հաջող դատական հայցերից՝ Թուրքիայում և ամբողջ Եվրոպայում բնակվող հայերը  պետք է իրավական ճանապարհով, Եվրադատարանի միջոցով վերականգնեն Ցեղասպանության ժամանակ իրենց անհամար կորուստները: Հայցերը կարող են ներկայացվել մասնավոր սեփականության, բանկային հաշիվների, անշարժ գույքի, հուշարձանների և եկեղեցիների կորստի համար:

Չկա խաղաղություն՝ առանց արդարության:

Չկա հաշտեցում՝ առանց փոխհատուցման:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմ. Ռ.Ավագյան

Այս խորագրի վերջին նյութերը